Հարավային Կորեայի իշխանությունները գրեթե 2 մլրդ դոլար կծախսեն ապագայի ավտոմոբիլների ստեղծման վրա
Հարավային Կորեայի իշխանությունները 1,8 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների եւ այն ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում, որոնք աշխատում են ջրածնով:
Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մուն Չժե Ինին:
Հարավային Կորեայի ղեկավարը ելույթ է ունեցել Hyundai հետազոտական կենտրոնում կայացած արարողությանը, որտեղ ներկայացրել է ավտոմոբիլաշինության իր տեսլականը: Մուն Չժե Ինը նշել է, որ երկիրն արդեն ապացուցել է իր վարպետությունը էլեկտրամոբիլների եւ ջրածնային վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտադրության կապակցությամբ:
Նախագահը որպես օրինակ է բերել Շվեյցարիային ջրածնով աշխատող 1,6 հազար բեռնատարների՝ մատակարարման պարտավորագիրը: Երկրի ղեկավարը նաեւ խոսել է անվարորդ ավտոմոբիլների եւ ջրածնով աշխատող ավտոմեքենաների տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ունեցած ձեռքբերումների մասին եւ հույս հայտնել, որ հարավկորեական ստանդարտներն այդ առումով կդառնան համաշխարհային: Այդ նպատակով, նախագահի խոսքով, Հարավային Կորեան պլանավորում է այդ տեսակի ավտոմեքենաների վաճառքների բաժինը մինչեւ 2030 թվականը հասցնել 33 տոկոսի եւ համաշխարհային շուկայում հասնել 10 տոկոս բաժնեմասի:
Բացի այդ, նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ այս պլանի հաջողության դեպքում կարելի կլինի ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 36 տոկոսով, իսկ մանր փոշունը՝ 11 տոկոսով: Դրա հետ մեկտեղ տեղացի ավտոմոբիլաշինարարները պլանավորում են 10 տարվա ընթացքում 60 տրիլիոն վոն (շուրջ 50,6 մլրդ դոլար) ծախսել ապագայի ավտոմեքենաների վրա: Իրենց հերթին հանրապետության իշխանությունները նրանցից առանձին 2,2 տրլն վոնի (1,8 մլրդ դոլար) չափով ներդրում կանեն ժամանակակից ավտոտրանսպորտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: