«Դատապարտում եմ և այդպիսի անկառավարելի իրավիճակներ ստեղծելու համար մեղադրում եմ գործող իշխանություններին». Վարուժան Ավետիսյանը՝ ոստիկանի սպանության մասին

«Կառավարման ճգնաժամ կա, և այդ ճգնաժամը խորանում է, ինչի հետևանքով առաջանում են և, ցավոք սրտի, առաջանալու են նման իրավիճակներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ազատության  պողոտայում ոստիկանի սպանության դեպքին։

Նա դատապարտեց միջադեպը՝ մասնավորապես նշելով. «Դատապարտում եմ և այդպիսի անկառավարելի իրավիճակներ ստեղծելու համար մեղադրում եմ գործող իշխանություններին, որոնք բավարար արդյունավետ քայլեր չեն իրականացնում»:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի՝ «Սասնա ծռերի» կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ՊՊԾ գունդ մուտք գործելու և զավթելու մեջ։  Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Հիշեցնենք նաև, որ այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության ավագ, 38-ամյա  Տիգրան Առաքելյանը և վիրավորվել 25–ամյա Ա. Հակոբյանը: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու և ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս