«Փոխանակման հետ կապված որևէ հարց չի քննարկվել և չի էլ կարող քննարկվել». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին էլ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպումից հետո Իգոր Պապովը լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Արցախում և Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց՝ ասել է, որ կան մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքներ են տանում։

՛«Ժնևում հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին, որի հետ այդ թեմայով խոսել ենք»,- ասել է նա։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանարպետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նախ՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների և Բակո Սահակյանի հանդիպմանը, նշեց, որ եղել է բավականին անկեղծ, աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր՝ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։

«Այս հանդիպումները մենք միշտ արժևորել ենք, քանի որ դա ապահովում է և՛ բանակցային գործընթացի որոշ չափով շարունակականությունը, և՛ Արցախի մասնակցությունը, թեպետ՝ դեռ ոչ լիարժեք ձևով»,- նշեց Դ. Բաբայանը։

Այնուհետև անդրադառնալով Իգոր Պապովի հայտարարությանը՝ Արցախում և Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց վերաբերյալ, ասաց, որ խոսք է եղել մարդասիրական,  մասնավորապես՝ բարեկամների այցերի մասին։

«Փոխանակման հետ կապված որևէ հարց չի քննարկվել և չի էլ կարող քննարկվել, որովհետև մենք բազմիցս նշել ենք, որ քայլերը պետք է համարժեք լինեն, և կան խնդիրներ, որոնք ընդհանրապես քննարկման ենթակա չեն։ Այն ադրբեջանցի երկու հոգին, որոնք այսօր Շուշիի բանտում են իրենց պատիժը կրում, նրանք ո՛չ գերի են, ո՛չ պատանդ, նրանք մարդասպաններ ու ահաբեկիչներ են։ Օրինակ, սա նույնը կլիներ, եթե Ռամիլ Սաֆարովը Երևանում բանտարկված լիներ, և խնդիր լիներ նրան վերադարձնելու մասին։ Եթե այս մարդկանց հետ տանք, մեր պատմության մեջ կեղտոտ էջ է լինելու, նրանց վերադարձն ինչ-որ տեղ նշանակում է նաև ներում, քանի որ Ադրբեջանում նրանք հերոսացվել են»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ կա՞ն հույսեր, որ Ադրբեջանում գտնվող հայ պատանդներ Արայիկ Ղազարյանին և Կարեն Ղազարյանին նրանց ընտանիքի անդամները կարող են տեսակցել, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն, և այդ ուղղությամբ շարունակվեն քննարկումները։

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք նաև, որ խոսքն Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Գուլիևի և Ասկերովի մասին է, որոնք Արցախում դատապարտվել են 22 տարվա ազատազրկման՝ սպանության, Արցախի սահմանն ապօրինի հատելու, զենք պահելու, լրտեսելու և հայ սպայի սպանության համար։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս