Բաժիններ՝

Հազարավոր ցուցարարներ «Ազատության երթ» են սկսել դեպի Բարսելոնա

 Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարասյուները տարբեր քաղաքներից ուղեւորվում են Բարսելոնա, որպեսզի հոկտեմբերի 18-ին հասնեն այնտեղ եւ մասնակցեն համընդհանուր գործադուլին, որը կազմակերպվել է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո՝ 2017 թվականի անկախութան հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:

Այդ մասին հաղորդվում է ինքնավար հանրակցության անկախության օգտին հանդես եկող տարբեր կազմակերպությունների սոցիալական ցանցերում: Երթի կադրերը ցուցադրում է նաեւ 24 Horas հեռուստաալիքը: Այսպես կոչված «Ազատության երթն» ընթանում է Կատալոնիայի ազգային վեհաժողով եւ Omnium Cultural հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, որոնց առաջնորդներ Ժորդի Սանչեսը եւ Ժորդի Կուիշարը Գերագույն դատարանի կողմից ինը տարվա բանտարկության են դատապարտվել անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակցելու պատճառով:

Ակցիան պաշտպանել է «Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» արմատական կազմակերպությունը: Երեք օրվա ընթացքում շարասյուները պետք է անցնեն մոտավորապես 100 կիլոմետր: «Երթի նպատակը զանգվածային եւ ոչ բռնի պատասխանն է, ինքնորոշումն ու քաղբանտարկյալների ազատությունը պաշտպանելը»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ: Կատալոնիայի ազգային վեհաժողովի ազգային քարտուղար Դավիթ Ֆեռնանդեսն ավելի վաղ հայտարարել է, որ ցուցարարները մտադիր են «արգելափակել ճանապարհների ամբողջ հիմնական ցանցը Կատալոնիայում»:

Ինքնավար հանրակցության տարբեր համալսարանների ուսանողները հոկտեմբերի 16-ին եռօրյա դասադուլ են սկսել: Կատալոնիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 14-ին:Հոկտեմբերի 15-ի երեկոյան եւ լույս 16-ի գիշերը դիմակայության էպիկենտրոնը դարձել է Բարսելոնայի կենտրոնական շրջանը, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, արմատականները բարիկադներ էին կառուցում ու հրկիզում դրանք: Ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ Տարագոնայում, Լերիդայում եւ Ժիրոնայում: Տուժել է շուրջ 200 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների շուրջ 70 աշխատակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս