«Ա՛յ ոչնչություն, դու կհամարձակվե՞ս քայլել Արցախի հրապարակով, կամ որևէ տեղով, որ սահմանից 100 կմ հեռու է». Գառնիկ Իսագուլյան
Հայաստանյան իշխանությունները հանրությանը չեն ներկայացնում այն իրական գործընթացները, որ տեղի են ունենում Արցախում, այլ մատուցում են լուրեր, որոնք բացարձակ կապ չունեն ընթացող գործընթացների հետ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա՝ հենց այս հանգամանքով էր պայմանավորված Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին ասուլիսը.
«Լինելով մարդ, որ պատասխանատու է զգում Արցախի և Հայաստանի ճակատագրի համար, ստիպված գնաց բաց զրույցի և բացեց բոլոր փակագծերը՝ մատնանշելով, թե ինչ է ասվում, և ինչ է իրականում արվում»:
Գ. Իսագուլյանը նշեց, որ նախքան այդ ասուլիսն արդեն տարբեր լրատվական գործակալությունների հետ զրույցներում Վ. Բալասանյանը մատնանշել էր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստան-Արցախ փոխհարաբերություններում:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ընդգծեց, որ Վ. Բալասանյանի հայտարարությունները եկան փաստելու Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան վերջին հանդիպումը.
«Եթե նայում եք, ընդունում է Բակո Սահակյանին, շատ ցայտուն դրված է ՀՀ դրոշը… և հարգելի նախագահ, մինչդեռ նախագահներին «հարգելի»-ով չեն դիմում և անմիջապես՝ հարգելի մարզպետ: Ճիշտ է՝ հիմա փորձում են ասել, թե Բ. Սահակյան է ասել, բայց Սահակյանն ուր, մարզպետն ուր:
Հայտարարեցիք՝ մարզ է, ի՞նչ է փոխվելու, Ադրբեջանն իր ագրեսիվ նկրտումները դադարեցնելո՞ւ է»:
Վ. Բալասանյանի հայտարարություններից հետո նրա հասցեին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների շուրջ բանախոսի գնահատականը շատ կոշտ էր. «ԱԱԽ քարտուղարը՝ մարդ, որ առաջնորդում է կապույտ մազերով աղջիկներին Արցախի դեսպանատուն՝ պլակատներով, հիմա դարձել է ՀՀ ԱԱԽ քարտուղար և Վիտալի Բալասանյանի նման մարդուն հայտարարում է «խուլիգան», ա՛յ ոչնչություն, դու կհամարձակվե՞ս քայլել Արցախի հրապարակով, կամ որևէ տեղ, որ սահմանից 100 կմ հեռու է»:
Անդրադառնալով Երևանում ոստիկանի սպանության աղմկահարույց միջադեպին՝ Գ. Իսագուլյանը նկատեց, որ այն, ինչ անում է Փաշինյանը, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն էլ է տանելու կործանման. «Այն, ինչ ասում է Բալասանյանը, գործնական կյանքում ապացուցվում է»:
Ըստ նրա՝ միջադեպը «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գրավման հետևանքն է.
«Հիմնական հետևանքն է նրա, երբ «Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը, երեք ոստիկան են սպանել, և այդ մարդիկ ոչ միայն ազատության մեջ են, այլև բարձր մակարդակով ընդունելության են արժանանում:
Եթե ՊՊԾ գնդի մարդասպաններն ազատ ման են գալիս, և ոչ միայն ման են գալիս, այլև արժանանում են վարչապետի ընդունելությանը, վարչապետը նրանցով ստեղծում է իր մարտական թևը ՝ահաբեկելու մյուս քաղաքական ուժերին, բնականաբար, այգիներում ոստիկանի նկատմամբ այդ բռնությունը կիրառվելու է»:
Զարուհի Դիլանյան