Բաժիններ՝

Մարմնամարզության աշխարհի առաջնությունում նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր. Հակոբ Սերոբյան

Մարմնամարզության աշխարհի առաջնությունում գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինս շեշտեց` գոհ է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներից:

«Առաջին օրն ամեն ինչ պլանավորվածի պես ընթացավ. նվաճեցինք օլիմպիական ուղեգիր: Մենք տարբեր սցենարով էինք գնում օլիմպիական ուղեգրի հետևից: Կարող էինք պայքարել և բազմամարտում, և առանձին գործիքների վրա: Արթուր Թովմասյանը կարող էր ոչ միայն մեդալակիր դառնալ, այլ նաև ոսկե մեդալ նվաճել, սակայն նրան խանգարեց ավելորդ քայլը, ինչը կարծում եմ նաև հոգեբանական խնդիր է»,- փաստեց գլխավոր մարզիչը:

Արթուր Թովմասյանի վատ մրցելույթը Սերոբյանը կապում է վնասվածքից առաջացած վախի հետ. «Տարիներ առաջ ստացած վնասվածքը կարծես մտահոգում է Թովմասյանին` միգուցե հոգեբանական աջակցության կարիք ունի»:

Եվս մեկ օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը հավաքականը չի օգտագործի: Մրցաշարերը, որոնք կանցկացվեն Բաքվում և Ավստրալիայում, Հայաստանի թիմը չի մասնակցի: Նոյեմբերի վերջին Գերմանիայի Կոտբուս քաղաքում կմասնակցի աշխարհի գավաթի այս տարվա վերջին փուլին, որից հետո էլ կորոշվի հետագա մրցաշարերին մասնակցությունը:

«Բաքու կգնանք միայն այն դեպքում, եթե միջազգային ֆեդերացիայից մեզ երաշխավորեն: Ավստրալիա գնալը նպատակահարմար չեմ գտնում, քանի որ երկար ճանապարհ պետք է անցնենք և 6 ժամային գոտի փոխենք, բացի դրանից, մեծ գումարների հետ է կապված: Միայն եթե Կոտբուսում հաղթենք, կփորձենք նաև մյուս մրցաշարերը` Ավստրալիայում և Կատարում: Այդ դեպքում հնարավոր կլինի նվաճել ևս մեկ ուղեգիր»,- ամփոփեց Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը հնարավոր է որպես մրցավար հրավիրվի Տոկիո 2020-ի Օլիմպիական խաղերին:

Այս առաջնությունից միակ անվանական օլիմպիական ուղեգիրը նվաճել է Արթուր Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս