«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը». վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը:

Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով:

Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի օրերից, արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ: Եվ երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին փոխարինելու մարդու աշխատանքը՝ ինչ-որ չափով, արհեստավորները, որոնք այդ ժամանակներում բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ և ջարդուփշուր էին անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մի մտահոգություն: Մտահոգությունն հետևյալն էր. եթե այն աշխատանքը, որն անում ենք մենք՝ մարդիկ, պիտի անեն հաստոցները՝ ի՞նչ պիտի անենք, հետևաբար, մենք և ինչո՞վ պիտի զբաղվենք, հետևաբար, մենք, և ինչո՞վ պիտի ապրենք մենք:

Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն: Պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, իրականում առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, և այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Եվ, հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է, որովհետև նոր մտածողությունը բերել է նոր տեխնոլոգիաներ, նոր տեխնոլոգիաները հանգեցնում են նոր մտածողության, այդ նոր մտածողությունն իր հերթին բերում է նոր տեխնոլոգիաներ և այդպես շարունակ: Եվ հետևաբար, երբ մենք ասում ենք ինովացիա, առաջին հերթին պիտի նկատի ունենանք մտքի ինովացիա, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը, որովհետև շատ դեպքերում ինովացիա ասելով, տեխնոլոգիաներ ասելով մարդիկ հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ. զարգանում է իրականում մարդու միտքը, և այդ բոլոր ֆիզիկական և նույնիսկ ոչ ֆիզիկական IT արտադրանքները մարդու մտքի արգասիք են:

Եվ, հետևաբար, այսօր ամենակարևոր հրատապ հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ, և այդ նույն վախերը, բնականաբար, առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ: Բայց տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը և դրա արդյունքում՝ միտքը: Եվ այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որպեսզի մարդու մտածողությունը, մարդու միտքը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի և նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի և էության մեջ և խորանալով դեպի տիեզերք:

Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մենք կարողանանք հաղթահարել վախերը՝ ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլև մեր բոլոր վախերը, որովհետև թերևս վախն այն ամենակարևոր գործոնն է, որ միշտ ամենուր, ամեն տեղ խոչընդոտում է զարգացումը, խոչընդոտում է առաջընթացը, խոչընդոտում է հաղթանակի հասնելու մեր ձգտումը: Եվ ես հույս ունեմ, որ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին և ընդհանրապես, մարդկությանը կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը: Եվ սա կլինի, թերևս, ամենակարևոր արդյունքը, որին մենք պիտի ձգտենք ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես առաջիկայում: Եվ ես հաջողություն եմ մաղթում «Գլոբալ ինովացիոն ֆորումին»:

Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, հարգելի ներկաներ, բայց ես, ձեր թույլտվությամբ, ուզում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

* * *

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվող «Global Innovation Forum 19: Transforming Intelligence» ֆորումի կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն է՝ FAST-ը, միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: «GIF19: Transforming Intelligence»-ի նպատակն է՝ համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս և խթանել կապը գիտության, արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև: Ֆորումի շրջանակում քննարկումներ են ծավալվելու տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներին, արհեստական բանականության դրսևորումներին, մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությանը վերաբերող և այլ թեմաների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս