Բաժիններ՝

«Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենային թիվ… այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ». Հրաչ Բերբերյան

Այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, 30 տոկոսով պակաս ծիրանի բերք ենք ունեցել. պատճառը անձրևներն են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարին ծանր էր: Հորդառատ անձրևները բերեցին նրան, որ ծիրանի փոշոտումը դանդաղեց, զարմանում եմ, որ այս տարի Սևանից ջրառ կատարվեց, բայց ինչևէ, արդյունքում ծիրանի բերքը նախորդ տարվա համեմատ՝ 30 տոկոսով պակասեց, արտահանման ծավալները պակասեցին: Բանջարեղենի հետ կապված որևէ քայլ չկա, բանջարաբուծությամբ չեն զբաղվում: Մորմազգի ցեցը մնաց դաշտերում, ինչ-որ պիլոտային ծրագիր արվեց, թակարդներ դրվեցին, որոնք միայն կարող են ցույց տալ՝ կա՞ ցեց, թե՞ ոչ, բայց պայքար չի տարվում դրանց դեմ: Թունաքիմիկատներ են օգտագործել, բայց գյուղապետերը հայտնում են, որ այնտեղ, որտեղ դրանք օգտագործվել են, ցեցերն ավելի շատ են եղել:  Մեր կառավարությունն էլ դրան է ընդունակ: Աշխատանք տարվել է, իհարկե: Բաց գրունտի լոլիկը ուզում էին շատացնել, բայց չստացվեց: Դեղձի լավ բերք ունենք այս տարի՝ նախորդ տարվա համեմատ՝ 10 տոկոսով շատ»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանն ասում է՝ խաղողի բերքահավաքի թվերը տարօրինակ են, հայտարարված թվերի առկայության պարագայում մթերման համար կարող էին մարդասպանություններ լինել:

«Խաղողի բերքահավաքում աբսուրդ կա, գնումները վերջացել են: Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենալ թիվ՝ 160 հազար տոննա, որը տարօրինակ թիվ է: Այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ: 30 տոկոսով բերքը պակաս է, դա հաստատեց գինեգործների նախագահը, պատճառը հիվանդություններն էին»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Գյուղացիներին սուբսիդավորելու փոխարեն՝ սուբսիդավորում են գործարարներին՝ դժգոհում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

«Մենք տարեցտարի պայքարում ենք, որ սուբսիդավորվի գյուղացին, պետությունը համառորեն վարկեր է տալիս գործարարներին, նրանք էլ գյուղացու անվան տակ, գյուղատնտեսությունը զարգացնելու անվան տակ վերցնում ու անորակ սպիրտ են ներկրում: Արդյունքում՝ փողերի լվացում է լինում, գործարարները սպիրտ են ներմուծում, անորակ սպիրտ, դրանով կոնյակ է պատրաստվում: Ընկնում է հայկական արտադրանքի պատիվը:   Երևանի գինու-կոնյակի գործարանը որակ է ապահովում, հայկական խողողի սպիրտն է օգտագործում, իսկ մյուս գործարանները հայկական խաղողի սպիրտո՞վ են անում: Վտանգված է մեր բրենդը, որը կամաց-կամաց կորցնում ենք»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Անդրադառնալով անասնապահությանը՝ Հրաչ Բերբերյանն ասում է, որ Կառավարության հայտարարած թվերն անգամ ծիծաղելի են: Մասնագետի խոսքով՝ անասունների գլխաքանակը պակասել է, բայց Կառավարության տվյալներով՝ մսի արտադրությունն ավելացել է:

«650 հազար գլուխ անասուն է մնացել, 13 հազարով պակասել է 2017-ի նկատմամբ, բայց ասում են՝ 19 հազար տոննա մսի արտադրություն է եղել: Ինչքա՞ն կարելի է: Զանգել եմ, ասել եմ՝ թվերը փոխեք, էդ թվերը խայտառակություն են: Տգետներով երկիր են կառուցում: Տավարի միսը 300 դրամով թանկացել է, խոզի միսը 100 դրամով պակասել է, բայց Նոր տարվան ընդառաջ կավելանա, կարտոֆիլը հիմա կուտակում են, որ թանկանա՝ նոր վաճառեն»,- ասաց Հրաչ Բերբերյանը

«Ազատ գործունեության բնագավառ է, նախարարությունում մարդիկ կան, որ մեր միավորումում ցրիչ չեն կարող աշխատել, կենսագրությունները բացում ես, պարզ է արդեն: Սխալ հաշվարկներ են անում, զանգում-ասում ես՝ սխալ է, չեն ուղղում, միտումնավոր չեն անում, ոչ մասնագետ են, ոչ շփվում են գյուղացու հետ»,- պնդում է  «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը՝ դժգոհելով կադրերի բացակայությունից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս