ԱՄՆ-ը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է խարդախության և փողերի լվացման մեջ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության եւ փողերի լվացման մեջ: Այդ մասին ասված է գերատեսչության հոկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ:
Հայցը ներկայացված է Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի ֆեդերալ դատարան: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պնդմամբ՝ ֆինանսական ինստիտուտը «մեղսակից է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող բազմամիլիարդանոց սխեմայի»:
«Թուրքիայի Halkbank պետական բանկը մեղադրվում է այն բանում, որ մասնակցել է հանցավոր նախահամաձայնությանը՝ նպատակ ունենալով վիժեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական ռեժիմի դեմ՝ Իրանին հնարավորություն ընձեռելով օգտվելու միլիարդավոր դոլարներից»,-հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսը, որը տնօրինում է ազգային անվտանգության հարցերը: Նրա վկայությամբ, խոսքը վերաբերում է «Իրանի դեմ պատժամիջոցների ամենալուրջ խախտումներից մեկին»:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վարկածով՝ Halkbank-ը 2012 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում օժանդակել է Իրանին «ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ մուտք ստանալու հարցում»: Բանկը նաեւ օգնել է Թեհրանի իշխանություններին շահույթ ստանալ նավթի ու գազի վաճառքից, ինչպես նաեւ ոսկի գնել: Ինչպես ասված է հայցադիմումի մեջ, այդ մասին իրազեկված էին Թուրքիայի եւ Իրանի պաշտոնատարները:
ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկությունների համաձայն, իրանական իշխանությունները հաշիվներ են ունեցել Halkbank-ում, որոնցում պահվում էին միլիարդավոր դոլարներ: Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է ամերիկյան կողմը, Halkbank-ի միջոցով ի շահ Իրանի անցել է մոտավորապես 20 մլրդ դոլար:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բանկին առաջադրված մեղադրանքները դրական ազդեցություն չեն գործում երկկողմ հարաբերությունների վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: