Երևանի պոլիկլինիկաներից 55 բժիշկ ազատվել է աշխատանքից, նախարարության պահանջով պետք է նեղ մասնագիտացում ստանան. պարզաբանում քաղաքապետարանից. Tert.am
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում 55 բժշկի հետ կապված խնդիր է առաջացել և նրանց ազատվել են աշխատանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը` անդրադառնալով ահազանգին, որ թիվ 19 պոլիկլինիկայում մանկաբույժներ են ազատվել աշխատանքից:
«Այսօր ոչ միայն թիվ 19 պոլիկլինիկայում է առկա այդ խնդիրը, այն առկա է, երևի թե, ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես այն պոլիկլինիկաներում, որտեղ երեխաներ են սպասարկվում»,- ասել է նա:
Կամսար Բաբինյանը պարզաբանել է, որ 2014 թվականին կառավարության 992 որոշմամբ հաստատվել է մանկաբույժ նեղ մասնագետների ցանկ, որտեղ հստակ գրված է, որ այդ մասնագետները պետք է ունենան համապատասխան վերամասնագիտացում` հետբուհական մասնագիտացում:
«Քաղաքապետարանից Առողջապահության նախարարություն համապատասխան գրություն է ուղարկվել, որտեղ մեր մտահոգությունն ենք հայտնել, քանի որ ժամանակին նեղ մասնագետների մանկական ցանկ հաստատված չի եղել»,-ասել է նա և նշեց, որ այդ գրությանը նրանք պատասխանել են` խնդրում ենք առաջնորդվել 2014 թվականի սեպտեմբերի 4-ի 992 որոշմամբ։
«Ինձ ասացին, որ նախարարությունից ասել են, որ դա ժամանակավոր է, բայց կառավարության որոշումը իմ առաջ դրված է և ոչ մի «ժամանակավոր» բառ գրված չէ, թե մարդուն պետք է ժամանակավոր իր աշխատանքից հեռացնեն, անցնի օրդինատուրա ու հետ գա աշխատի: Սա շատ լուրջ խնդիր է, որի առաջ կանգնած ենք»,- ասել է նա:
Կամսար Բաբինյանը նշել է, թե ստացվում է, որ Երևանում 55 բժիշկ չի կարող աշխատել: «Իրենք կամ պետք է գնան վերամասնագիտացում անցնեն և դառնան մանկական տրավմատոլոգ, ինֆեկցիոն բժիշկ, որպեսզի կարողանան աշխատել»,- ասել է նա և նշեց, որ այդ մասնագիտացումն ստանալու համար 2-3 տարի է պահանջվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: