Դավիթ Սանասարյանը ենթադրյալ վթարի պահին «Մոնարխի» սեփականատեր Արմեն Գինոսյանի փեսայի ընկերությանը պատկանող մեքենայո՞վ է եղել

Արդեն երկրորդ օրն է՝ չեն մարում խոսակցություններն այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ)՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը շուրջ մեկ ամիս առաջ վրաերթի է ենթարկել 9-ամյա մի երեխայի, սակայն որևէ մասնակցություն նրա ապաքինման գործընթացին չի ունեցել:

Ավելին, գործը կարծես թե կոծկվել է, քանի որ ոչ Ոստիկանությունը, ոչ «Արմենիա» բժշկական կենտրոնը, ուր տեղափոխվել է երեխան, դեպքի մասին չեն բարձրաձայնել:

Ըստ մամուլի հրապարակման՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Դավիթ Սանասարյանը՝ տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի՝ որպես վրաերթ, այլ գրանցվի՝ որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում, ավելին, ըստ ծնողների՝ սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Դավիթ Սանասարյանը, իհարկե, սկզբում կատեգորիկ հերքեց վրաերթի փաստը, ապա ասաց, որ երեխան ինքն է ընկել մեքենայի տակ, իսկ հետո էլ տղայի մորը մեղադրեց շորթման փորձի մեջ:

Ի դեպ, այսօր արդեն Ոստիկանությունը հայտարարեց, որ քննության են առել՝ ինչպես դեպքի մասին հրապարակումը, այնպես էլ՝ Դավիթ Սանասարյանի գրառումները:

Այսօր արդեն լուր տարածվեց, թե Դավիթ Սանասարյանը ենթադրյալ վրաերթի պահին եղել է իր ծառայողական մեքենայով:

Երեխայի մայրը՝ Ալինա Կարապետյանը, հայտնել էր, որ իր 9-ամյա որդուն Սանասարյանը վրաերթի է ենթարկել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով՝ 555 01 կամ 505 01 պետհամարանիշերով։

ArmDaily.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ մեքենան իրենը չի. «Ընկերոջս մեքենան եմ վարում, դա իմ մեքենան չէ, պետական մեքենա չէ»։

Իսկ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ նշված պետհամարանիշերը չեն պատկանում ՊՎԾ-ին։

ArmDaily.am-ին հաջողվել էր պարզել, որ մեքենան ոչ թե camry է, այլ corolla՝ 555 SO 01 համարանիշով. այն գրանցված է «Վալգարդ» ՍՊԸ-ի անունով։ Այդ ՍՊԸ-ի մասին համացանցային որոնումներից հայտնաբերել էին, որ այն սնանկ է ճանաչվել 2018թ.  սեպտեմբերին։

Ի վերջո, ո՞ւմ մեքենայով է դեպքի պահին եղել Դավիթ Սանասարյանը:

168.am-ին հաջողվեց պարզել, որ մեքենան, որը, ըստ ArmDaily.am-ի, գրանցված է «Վալգարդ» ՍՊԸ-ի անունով, որը սնանկ է ճանաչվել 2018թ. սեպտեմբերին, պատկանում է «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի փեսայի՝ Աշոտ-Արչի Սարդարյանի ընկերությանը:

Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Հիշեցնենք, որ հենց «Մոնարխ» ռեստորանում էր նշվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:

Դավիթ Սանասարյանը, ասում են, երկար տարիներ բավականին մտերիմ հարաբերություններ ունի Աշոտ-Արչի Սարդարյանի հետ, և նրան բազմիցս են տեսել «Մոնարխի» սեփականատիրոջ փեսայի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակ ներսուդուրս անելիս:

Հատկանշական է, որ Արմեն Գինոսյանի հետ մտերիմ հարաբերություններ ուներ նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Վալերի Օսիպյանը հենց  «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի ունեցած կապերի միջոցով էր ցանկանում կազմակերպել իր տեղափոխությունը Մոսկվա, այն է՝ դառնալ ՌԴ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը։

Ի դեպ, Աշոտ-Արչի Սարդարյանի ընկերության իրավաբանական հասցեն նույն իր բնակության հասցեն է, որը գտնվում է Թումանյան փողոցում:

Տեսանյութեր

Լրահոս