«Ժողովուրդ, երդվում եմ՝ նման բան չի եղել». Վիտալի Բալասանյան
Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրելու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առկա խնդիրները:
Այդ ընթացքում նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե այդ օրերին զինվորները սնունդ չեն ունեցել, նույնիսկ լուրեր կան, թե նրանք սովից՝ ստիպված խոտ են կերել:
«Ես ճանապարհի ծախս կհոգամ, թող ցույց տան, թե որտեղից են այդ տղաները խոտ կերել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ վստահեցնելով, թե այդ քննիչ հանձնաժողովն անելիք չունի:
Այդ օրերի մասին Կառավարության նիստում անգամ խոսել էր Կառավարության նախկին ղեկավար, վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի օրերին տանկերում վառելիք չի եղել:
«Ժողովուրդ, երդվում եմ՝ նման բան չի եղել»,- հակադարձեց Վիտալի Բալասանյանը՝ հորդորելով տեսնել, հետո՝ խոսել:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ