Թուրքիայի վրա դիվանագիտական ներգործության միջոցներն սպառված չեն. ԳԴՀ-ի ԱԳՆ
Բեռլինն այն կարծիքին է, որ Սիրիայում իրականացվող գործողության պատճառով Թուրքիայի վրա ճնշման դիվանագիտական միջոցները դեռեւս սպառված չեն: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:
Նա հիշեցրել է, որ Բեռլինն ակտիվորեն աշխատում է դիվանագիտական դաշտում, հակազդելով Թուրքիայի ռազմական գործողությանը, մասնավորապես, կասեցրել է զենքի նոր մատակարարումների թույլտվությունները:
«Մենք այսօր Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություն ենք անցկացնում հետագա միջոցառումների, մասնավորապես, Եվրոպական միության շրջանակում սպառազինությունների մատակարարումների արգելանքի շուրջ, գործի են դրվել (ճնշման) մի ամբողջ շարք միջոցներ. ես չեմ կարծում, որ մենք սպառել ենք ներգործման դիվանագիտական միջոցները»,-հայտարարել է Բուրգերը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: