ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց քիմիական զենքի գծով սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են քիմիական զենքի կիրառման կամ արտադրության համար, ներառյալ միջոցները չորս ռուսաստանցիների նկատմամբ՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային, թունավորելու գործով:
Այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը, որի նիստն ընթանում է Լյուքսեմբուրգում:
«Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ: Այդ պատժամիջոցները, որոնք բաղկացած են ԵՄ ուղեւորությունների արգելքից եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար ակտիվների սառեցումից, ներկայում կիրառվում են ինն անձի նկատմամբ. նրանցից հինգը կապված են սիրիական ռեժիմի հետ, իսկ չորսը մեղսակից են Սոլսբերիում կատարված հարձակմանը:
Ցուցակում է նաեւ գիտահետազոտական կենտրոնը՝ քիմիական զենքի մշակման գծով սիրիական ռեժիմի գլխավոր կազմակերպությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: