Բնապահպան ակտիվիստներն արգելափակել են երթեւեկությունը Լոնդոնի կենտրոնում
Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապաշտպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ էկոակտիվիստները նստացույց են կազմակերպել Անգլիայի Բանկի մերձակա երթեւեկելի մասում: Ինչպես ճշտում է գործակալությունը, ցուցարարները թիրախավորել են խոշոր ֆինանսական ինստիտուտները, որոնք, նրանց կարծիքով, ֆինանսավորում են ածխաջրածինների հետախուզումը: «Ներկայում ցուցարարները արգելափակել են Բանկ-ջանքշընի շրջակա ճանապարհները»,-հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը Twitter-ում:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Extinction Rebellion-ի ակցիաներն ընթանում են արդեն ութերորդ օրը: Մասնակիցները փակում են փողոցները եւ տարերային պիկետներ կազմակերպում Լոնդոնի տարբեր շրջաններում: Ըստ վերջին տվյալների, անցած շաբաթվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար ցուցարար, կարգուկանոնը պահպանելու համար լրացուցիչ ժամանել է ոստիկանության 500 աշխատակից:
Extinction Rebellion շարժումը, որը 2018 թվականին հիմնվել է Մեծ Բրիտանիայում, իր նպատակ է հռչակել բողոքի միջոցով գրավել քաղաքական գործիչների ուշադրությունը եւ նրանց դրդել միջոցներ ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ: Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: