Նախաքննության մարմինը շարունակում է մարդուն զրկել ազատությունից` առանց հանցակազմի և որևէ հիմնավորված փաստի

Մեր նախկին հրապարակումներից մեկում՝ «Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում», անդրադարձել էինք Սմբատ Ավդալյանի և Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործին, որում պաշտպանական կողմը պնդում էր, որ իրենց` ինքնապաշտպանության իրավունքը չի ապահովվում, և առերեսում կազմակերպելու միջնորդությունները մերժվում են։

Շուրջ մեկ ամիս Սմբատ Ավդալյանին կալանքի տակ պահելուց և Վահրամ Հակոբյանին հետախուզման մեջ պահելուց հետո, նշված հրապարակումից մի քանի օր անց նախաքննության մարմինը, այնուամենայնիվ, կազմակերպել է առերեսում Սմբատ Ավդալյանի և մեղադրող կողմի եղբայրների հետ, որով մեղադրող կողմի պնդումները չեն ապացուցվել։

Ավելին, մեր տեղեկություններով՝ վերջերս նաև առերեսում է իրականացվել Սմբատ Ավդալյանի և մեղադրող կողմի` Վաղինակ Ղազարյանի միջև, որով նույնպես այն միակ հիմքը, ինչի հիման վրա Սմբատ Ավդալյանը կալանքի տակ է պահվում, իսկ Վահրամ Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ, չի ապացուցվել։ Ավելին, մեր տեղեկություններով, մեղադրող կողմն առերեսման ժամանակ վրդովվել է, և պատռելով իր ցուցմունքը՝ ասել է, որ այդ ամբողջն «իր երևակայության արդյունքն է եղել»։

Չնայած այն բանին, որ գործի հիմքում ընկած միակ ցուցմունքը հերքվել է՝ հանցակազմ չկա, նախաքննության մարմինը շարունակում է Սմբատ Ավդալյանին պահել կալանքի տակ, իսկ Վահրամ Հակոբյանին` հետախուզման մեջ։

Ի՞նչ է ստացվում. Նախ՝ նախաքննության մարմինը առերեսում չէր իրականացնում, այսպիսով խախտելով պաշտպանական կողմի` ինքնապաշտպանության գործողություններ իրականացնելու իրավունքը, և այժմ էլ, այն բանից հետո, երբ գործով բոլոր վկաների, առավել ևս, մեղադրող կողմի հետ առերեսման արդյունքում միակ ենթադրյալ հիմքը հօդս է ցնդել, Սմբատ Ավդալյանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ անվանի սպորտսմեն Վահրամ Հակոբյանը` հետախուզման մեջ։

Այս հարցերի շուրջ զրուցել են նաև պաշտպանական կողմի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ` իր մասնագիտական կարծիքն իմանալու նպատակով:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ այս գործով ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորվում, նույնիսկ մեղադրող կողմը` Վաղինակ Ղազարյանը, տարբեր շրջանակներում ասել է, որ ինքը «լավ կապերի և լուրջ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում և անելու է ամեն ինչ, որ Սմբատ Ավդալյանը և Վահրամ Հակոբյանը հայտնվեն ճաղերի ետևում»։

Պաշտպանական կողմը սա դիտարկում է՝ որպես կոռուպցիոն ներգրավվածության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով, որ սա պետք է հետաքննվի, և պաշտպանական կողմը պետք է օր առաջ ազատ արձակվի։

Ավելին, պաշտպանական կողմը քաղաքի դատախազությանը միջնորդություն է ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավելի քան մեկ շաբաթ է՝ չկա որևէ պատասխան, չնայած այն բանին, որ ըստ օրենքի՝ դատախազությունը պարտավոր էր պատասխանել հնգօրյա ժամկետում։ Պաշտպանական կողմն այս փաստը դիտարկում է՝ որպես անգործություն, և մեղադրող կողմի ազդեցության արդյունքում՝ մարդկանց ազատությունից անօրինաբար զրկելու ակնհայտ փաստ։

Նշենք, որ նախաքննությունը վարող քննիչը «Կենտրոն և Նորք-Մարաշ» վարչական շրջանների քննչական մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Հովհաննիսյանն է։ Գործով դատախազն է Տիգրան Պողոսյանը, իսկ դատավորը` Հարություն Մանուկյանը։

Թերևս, այս գործը լակմուսի թուղթ կարող է հանդիսանալ` ցույց տալու համար, թե ինչքանով է Հայաստանի դատաիրավական համակարգը ապահովում կողմերի պաշտպանությունը և արդար քննության ընթացքը։ Մենք կշարունակենք այս գործին հետևել և հանդես գալ դրա վերաբերյալ հրապարակումներով, ինչպես նաև գործի ավարտից հետո այն կդիտարկենք որպես օրինակ՝ տարբեր երկրների մասնագետներից և ոլորտի փորձագետներից կարծիքներ հարցնելու համար։ Մասնավորապես, հետաքրքիր է, թե մեր հարևան Վրաստանը, օրինակ, ինչպես է բարեփոխել դատաիրավական համակարգը հեղափոխությունից հետո, և ինչքանով է այն ապահովում արդար քննության և կողմերի պաշտպանության իրավունքները` ի համեմատություն Հայաստանի։

Կփորձենք նաև ներկայացնել օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքները, որոնք, հուսով ենք, կօգնեն Հայաստանին «քայլ անել» այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ։

Կամո Մայիլյան

Տեսանյութեր

Լրահոս