Բաժիններ՝

ԵՄ-ի մի քանի երկրներ հանդես են եկել Թուրքիային զենքի մատակարարումն արգելելու օգտին

Եվրամիության մի շարք երկրներ հանդես են եկել Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ Թուրքիայի հետ զենքի առեւտրի վրա արգելանք սահմանելու օգտին: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել են Նիդեռլանդների, Իռլանդիայի եւ Լատվիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները ԵՄ-ի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց հետո։

«Նիդեռլանդները դատապարտել է Թուրքիայի գործողությունը եւ արգելք սահմանել զենքի մատակարարումների վրա (ազգային մակարդակով): Այժմ ԵՄ-ն պետք է նույն բանն անի: Մենք գտնում ենք, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը:

Ոչ ոք չպետք է խախտի միջազգային իրավունքը»,-ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Թուրքիայի դեմ ԵՄ-ի «որոշակի սահմանափակիչ միջոցներ» կիրառելու հնարավորության մասին արդեն այսօր հայտարարել է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քոուվենին, որը ժամանել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու հանդիպմանը:

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները մտադիր են հոկտեմբերի 14-ին քննարկել ոչ միայն քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը Սիրիայում, այլեւ Եվրամիության մեջ մտնող Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Անկարայի երկրաբանահետախուզական գործունեության շուրջ ստեղծված իրադրությունը, ինչն արդեն սուր քննադատության է ենթարկվել Բրյուսելի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս