Բաժիններ՝

Չեն հնացե՞լ արդյոք Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ գործածվող տնտեսական պատժամիջոցները եթե նույնիսկ կարողացան արժեզրկել ռուսական ռուբլին ու առաջ բերեցին ֆինանսական ճգնաժամ այս երկրում, միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարքը փոփոխության ենթարկելու հնարավորություն չունեցան: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինչպես Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսմանն է գրել «Ուոլ Ստրիթ Ջոուրնալ» պարբերականում, պատժամիջոցներն ԱՄՆ-ը դարձնում է արտաքին քաղաքականության վրա ազդեցություն գործադրելու գործիք, սակայն միշտ չէ, որ այդ գործիքը կարողանում է կատարել իր գործը:

Այլ վերլուծաբաններ, ինչպես Յուվալ Ուեբերը, կարծում են, որ գործիքը ճիշտ է ընտրված, պարզապես այն ճիշտ ձեւով չէ, որ կիրառվում է: Նրա կարծիքով, քանի որ պատժամիջոցները կիրառվում են ամեն դեպքի համար առանձին-առանձին, չեն կարողանում ուղիղ ազդեցություն թողնել Պուտինի վարած ամբողջ արտաքին քաղաքականության վրա:

Արդյունքում ռուբլու արժեզրկումը ու 2014-2015 թվականների ֆինանսական ճգնաժամն իրենց ծանր հարվածն են հասցնում ժողովրդի մեծամասնությանը: Մյուս կողմից պատժամիջոցները թույլ են տալիս Պուտինին ամրացնել իր ներքին շրջանակները եւ արդարացնել Միացյալ Նահանգներին որպես չարիք ներկայացնելու իր քաղաքականությունը:

Բացի այդ, Օբամայի եւ Թրամփի վարչակազմերն այլ տեսանկյուններից են մոտեցել ու մոտենում պատժամիջոցներին, ինչը կրճատում է դրանց արդյունավետությունը:

Այսինքն` եթե ոչ մեկ, ոչ էլ մյուս վարչակազմին չի հաջողվել պատժամիջոցներն ուժի մեջ դնել այնպես, որը ստիպեր Ռուսաստանին փոխել իր վարքագիծը միջազգային ասպարեզում, գուցե ժամանակն է, որ ԱՄՆ-ի օրենսդիրները հարց տան, թե արդյոք պատժամիջոցները չեն հնացել, եւ թե արդյոք դրանց շրջանակը կամ նպատակները չեն պահանջում լուրջ վերանայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս