«Մատրիցա»-ի մոտիվներով երկու նոր ֆիլմ է նկարահանվելու
Warner Bros. ընկերությունն աշխատում է «Մատրիցա»-ի կինոաշխարհին վերաբերող երկու նախագծի վրա: Այդ մասին սցենարիստ Զաք Փենը հայտնել է իր Twitter-օգտահաշվում։
«Մարդիկ շարունակում են հարցնել, ուստի թույլ տվեք ճշտել. Warner Bros.-ը երկու տարբեր նախագծեր է պատրաստում «Մատրիցա»-ի վերաբերյալ»,-գրել է Փենը, նշելով, որ դրանցից ոչ մեկը վերաթողարկում չէ:
Սցենարիստն ինքը ճշտել է, որ աշխատում է «Մատրիցա»-ի պրիկվելի վրա, իսկ Լանա Վաչովսկին լինելու է սիքվելի ռեժիսորը:
Ավելի վաղ հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզն իր կարծիքն է հայտնել «Մատրիցա» կինոնկարի չորրորդ մասի կապակցությամբ, որում նա վերստին մարմնավորել է Նեոյին: Նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն բանից, թե ինչ է պատահելու իր հերոսի հետ: Մայիսին հայտնի է դարձել, որ Վաչովսկի քույրերն աշխատում են «Մատրիցա» եռերգության շարունակության վրա:
Օգոստոսին Warner Bros. ընկերության ներկայացուցչից պաշտոնական հաստատում է ստացվել պատրաստվող նախագծի մասին: Նրա խոսքով՝ նկարահանումներն սկսվելու են 2020 թվականից ոչ շուտ, իսկ ժապավենի գլխավոր դերակատարները կրկին կլինեն Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը:
«Մատրիցա»-ն գիտաֆանտաստիկ ֆիլմերի եռերգություն է, որոնք թողարկվել են 1999-ից 2003 թվականներին: Այն պատմում է մարդկային քաղաքակրթության կործանումից հետո ողջ մնացած մարդկանց պայքարի մասին բանական մեքենաների դեմ: Եռերգությունը 1,6 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում: