Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը և իր բարձր ներկայությամբ խանդավառություն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հավաքվել շվեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:
Հայրապետական պատարագն սկսվել է հանդիսավոր թափորով, որի ընթացքում ժողովուրդն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությանը: Որպես առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասավորել են Խաժակ արքեպիսկոպոսը և Գուսան վարդապետը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:
Ի հիշատակ հոբելյանական այս առիթով հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայել է մարմարե խաչքար: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու հանդիսությունների սրահում, մասնակցությամբ այս առիթով հավաքված ժողովրդի, տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությանը բարիգալստյան խոսքով ողջունել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու վարչության ատենապետ Վիգեն Վարձպետը:
Երկօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել թեմի թեմական և ծխական մարմինների պատասխանատուների և անդամների հետ և իր թելադրությունները կատարել թեմական և համայնքային կյանքի առավել զորացման և արդյունավորման համար: