«Ամբաստանյալը դեռ նախաքննության ժամանակ էր հայտարարում, թե Լոռու մարզի դատարանում հարցերը կլուծեն». Երվանդ Վարոսյանը` Ալավերդցի Վահագի գործով զարգացումների մասին
Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի («Ալավերդցի Վահագ») և Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը հոկտեմբերի 11-ին անցավ բավականին լարված մթնոլորտում։
Այդ նիստի ընթացքի ու նշված դատական գործով զարգացումների մասին 168.am-ը զրուցել է տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանի հետ:
Վերջինիս տպավորությամբ` այսպես կոչված ալավերդցի Վահագի գործով շատ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում, որը խիստ մտահոգում է տուժող կողմին, և խնդիրն ամենևին այն չէ, որ հայտնվել է վկաներից մեկը, որին Վահագն Աբգարյանի պաշտպանական թիմը գտել բերել է ՌԴ Մոսկվա քաղաքից ու հիմա էլ պահում է Հայաստանում, որ իրենց համար ցանկալի ցուցմունք տա, քանի որ անկախ նրանից, թե ինչ ցուցմունք կտա այդ վկան, քրեական գործում առկա ու արդեն իսկ դատարանում հետազոտված ապացույցներով ամբողջությամբ հիմնավորվել է այն, որ Վահագն Աբգարյանը պատվիրել ու կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, և դա իրագործել է իր «զինվորիկ» Վլադիմիր Դավթյանը:
«Անկախ նրանից, թե ինչ ցուցմունքներ է տալիս կամ դեռ շարունակելու է տալ վկա Արթուր Մնացականյանը, որը ևս Վահագն Աբգարյանի մերձավոր շրջապատի անդամ է եղել, ամբաստանյալների մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Նա նշում է, որ տևական ժամանակ դատարանում տեղի է ունենում ապացույցների հետազոտում, ինչպես նաև առկա գաղտնալսումների հրապարակում, որի ժամանակ, չգիտես ինչու, դատարանի դահլիճ բերվող իրավապաշտպանները չկային: Նրանք մտնում-դուրս էին գալիս ու նրանց հետաքրքիր չէր, թե ինչ ապացույցներ կան քրեական գործում, մինչդեռ ամբողջությամբ, մասնավորապես գաղտնալսումներով և այլ ապացույցներով ամբաստանյալների մեղքը հիմնավորված է:
«Վկայի` Արթուր Մնացականյանի ցուցմունքները ևս ըստ էության կրկնում են գաղտնալսումները, այսինքն` վկան հաստատում է այն ամենը, ինչ արդեն իսկ գաղտնալսումներով ապացուցված է: Ավելին, վկան պատմում է ավելի մանր դետալներ, թե ինչպե՞ս է Վահագն Աբգարյանը կազմակերպել Կամո Փիրուզյանի սպանությունը, մասնավորապես, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, ո՞ւմ է տրամադրվել հրազենը, ինչպե՞ս է Վահագն Աբգարյանի խնդրանքով` հենց ինքը` Արթուր Մնացականյանը, Վլադիմիր Դավթյանին տարել, անտառ, ուր նա փորձել է կրակել սովորել, որ սպանությունն իրականացնելիս չվրիպի»,- մանրամասնում է փաստաբանը` հավելելով, որ այսպիսի մանր դետալները, բանականաբար, վարույթն իրականացնող մարմինն ու քննիչները կարող էին իմանալ միայն վկայից:
Ուստի այն պնդումները, կարծում է փաստաբանը, թե վկային ինչ-որ մեկը ստիպել է ցուցմունք տալ, կամ նրան թելադրել են այդ ցուցմունքը, պարզապես ծիծաղելի են ու զարմանք են հարուցում, որովհետև այն ապացույցները, որ ներկայացված են այդ վկայի բազմաթիվ ցուցմունքներով, ամբողջությամբ չէին կարող հայտնի դառնալ քննչական խմբին այլ կերպ, քան վկայի կողմից դրա մասին հայտնելով:
«Ինչպես տեսնում ենք, գործի փաստական հանգամանքները մի կողմ դրած, գործի է դրվել ինչ-որ աղաղակող մի մեխանիզմ, որն անընդհատ փորձում է հանրությանը համոզել, թե Վահագն Աբգարյանն անմեղ է, ու նրա գլխին, չգիտես ինչու, վատ իրավապահները որոշել են «սարքել»: Վահագն Աբգարյանի «սրբադասման» պրոցեսը ևս տապալվելու է և ոչ մի հեռանկար չի ունենալու»,- պնդում է փաստաբանը:
Նա կարծում է, որ այս համատեքստում զարմանալի է սակայն դատարանի պահվածքը: Գործը քննող դատավոր Սուսաննա Գզոգյանը, ըստ փաստաբանի, արդեն չի կարողանում թաքցնել այն, որ ինքը ակնհայտ կողմնակալ է այս գործով ու գտնվում է պաշտպանության կողմի լիակատար ազդեցության տակ և պատրաստ է կատարել նրանց ցանկացած ցանկություն:
«Հատկապես դա երևաց վերջին նիստերին, երբ դատավորը բոլոր միջոցները ձեռնարկում էր, որ այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն անգամ խոսքի իրավունք չունենան դատարանում: Դատական պրոցեսի հենց սկզբից դատավորի կողմից թողտվություն է ցուցաբերվում: Դատական նիստերի դահլիճ կառավարելու բացարձակ ունակություն չունի այդ դատավորը: Բազմաթիվ վիրավորանքներ, սպառնալիքներ ու հոխորտանքներ են հնչել ու հնչում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանների հասցեին, որոն դատավորը «չի նկատում»: Անգամ քրեական գործ կա հարուցված դատական նիստերի դահլիճում մեզ վիրավորելու փաստի առթիվ, որը կրկին դատավորն անտեսել է»,- ասում է Երվանդ Վարոսյանը:
Ըստ փաստաբանի` այս դատարանում նաև ուղիղ սպանության սպառնալիքներ են հնչել ամբաստանյալներից Վլադիմիր Դավթյանի կողմից, ով հստակ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է սպանել և գործը քննած քննիչներին, ինչպես նաև այդ սպառնալիքներից հետո տարօրինակ կերպով Հայաստանում հայտնված ու դատարան բերված վկա Արթուր Մնացականյանին, և այս հանգամանքին ևս դատավորը որևէ ուշադրություն չդարձրեց:
«Բայց, չգիտես ինչու, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նստի ընթացքում, երբ դատարան բերված «իրավապաշտպան» հորջորջվող մի կին, որի անունը Մարինա Պողոսյան է, անընդհատ սադրանքների էր դիմում դահլիճում նստած տեղից, վիրավորում էր սպանված Կամո Փիրուզյանի կնոջը, սպառնալիքներ հնչեցնում նրա հասցեին, այս ամենը ևս տեղի էր ունենում դատարանի թողտվությամբ: Եվ այն պահին, երբ սպանվածի կինն այլևս չդիմացավ ու հակադարձեց այդ փողոցային մակարդակի վիրավորանքներին ու սպառնալիքներին, դատարանն անմիջապես հրահանգեց տուժողի իրավահաջորդին դուրս բերել դատարանի դալիճից: Սա այն դեպքում, երբ այդ դահլիճում անընդհատ լսվում են սադրանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, բայց դատարանն արձագանքում է սպանվածի կնոջը ու հրահանգում հեռացնել դատական նիստերի դահլիճից»,-նշեց Երվանդ Վարոսյանը:
Ինչ վերաբերում է Մարինա Պողոսյանի նկատմամբ դատարանի վերաբերմունքին, ապա, ըստ փաստաբանի, եղել է զրոյական վերաբերմունք: Նա կարծում է, որ հոկտեմբերի 11-ին դատարանը ցույց տվեց, որ ինքը գտնվում է ոչ միայն պաշտպանության կողմի, այլ կոնկրետ Մարինա Պողսյանի ուղիղ ազդեցության ներքո և անգամ չունի վճռականություն` այդ անձնավորությանը որևէ կերպ սաստելու կամ նրա վարքագիծը պատշաճ հուն վերադարձնելու: Երվանդ Վարոսյանը համոզված է, որ այս դատավորի նախագահությամբ այս գործը չի կարող քննվել:
«Մենք, իհարկե, նման զարգացումների որոշ առումով պատրաստ էինք, բայց չէինք կարծում, որ այս ամենը այսքան ակնառու կլինի: Դեռևս նախաքննության ավարտին քրեական գործի նյութերին ծանոթանալիս ծանոթացել ենք նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից Վահագն Աբգարյանի բնակարնում շուրջ երեք ամիս իրականացած ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արված գաղտնալսումներին:
Դրանց մեջ, ի թիվս այլ բաների, Կամո Փիրուզյանի սպանությունն իր կողմից կազմակերպելու, տարբեր ծառայություններին կաշառքներ բաժանելու, սպանությունը կատարող իր զինվոր Վլադիմիր Դավթյանին ամեն կերպ պատասխանատվությունից ազատելու մասին է խոսում նաև Վահագն Աբգարյանը»,-նկատում է Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանի պնդմամբ` նշվում է նաև այն, թե ինքը` Վահագն Աբգարյանն է ղեկավարում, թե ո՞վ ի՞նչ ցուցմունք պետք է տա, իր տուն են այցելում տարբեր քննիչներ, այդ թվում նաև Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, իրեն զեկուցում են գործի ընթացքի մասին, ստանում իրենից հրահանգներ, և այդ գաղտնալսումներում են արտացոլվում նաև այն կաշառքները, որոնք Վահագն Աբգարյանը բաժանում էր տարբեր քննիչների` Վլադիմիր Դավթյանին արժանի պատասխանատվությունից ազատելու համար:
«Բայց հատկանշական է հատկապես խոսակցություններից մեկը: Երբ Վահագն Աբգարյանը փորձում է հասնել նրան, որ Վլադիմիր Դավթյանին Կամո Փիրուզյանի սպանության համար առաջադրված սպանության մեղադրանքը Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասից մեղմվի` վերաորակավորվելով 1-ին մասի, որ հետագայում ավելի մեղմ պատիժ ստանա սպանության կատարողը, խոսակցություններից մեկի ժամանակ ուղիղ ասում է, որ եթե անգամ 2-րդ մասով գործն ուղարկվի դատարան, ու իրեն չհաջողվի նաև կաշառել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչներին, ի դեմս այդ վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանի, ապա, հայտարարում է Վահագն Աբգարյանը, «Ոչինչ, մեկ է, գնալու է Լոռու մարզի դատարան:
Լոռու մարզի դատարանը մերն է: Խնդիր չունենք: Ինչ հարց պետք է, մենք կկազմակերպենք ու կիրականացնենք: Հարցերն այնտեղ կլուծենք»»,-մանրամասնում է Երվանդ Վարոսյանը` նկատելով, որ այսոօր փաստորեն գործը գտնվում է այդ դատարանում:
Փաստաբանը ցավով է արձանագրում, որ ստացվում է, որ ամբաստանյալ Վահագն Աբգարյանը ճիշտ էր: Լոռու մարզի դատարանի հետ փաստորեն նա ունի հարաբերություններ, որոնք ակնառու կերպով չեն երևում, բայց դրսևորվում են կոնկրետ վարքագծով, կոնկրետ իրավիճակներում դատարանի կողմից ցուցաբերված թողտվությամբ, ինչպես նաև տուժող կողմի հանդեպ թշնամական վերաբերմունքով:
«Ես ուղիղ ասացի դատարանում, որ ինձ մոտ տպավորություն է, որ մենք դատավորին խանգարում ենք այստեղ ինչ-որ բան իրականացնել: Սրան զուգահեռ, իհարկե, էժանագին արշավ է սկսվել իմ ու մյուս փաստաբան Լուսինե Սահակյանի դեմ այս գործով: Կան ինչ-որ մարդիկ, որոնք մեզ իրենցով են չափում և կարծում են, թե այդ վայրահաչը մեզ ստիպելու է այդ գործից նահանջել, չներկայացնել այլևս մեր վստահորդի շահերը, որ իրենք կարողանան իրենց պլաններն ավելի հստակ իրագործել»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Նա ցանկացավ հստակ շեշտել, որ չի ստացվելու:
«Մեր պարագայում նման բան երբեք չի ստացվել ու հիմա էլ չի ստացվելու: Կամո Փիրուզյանի իրավահաջորդի շահերը քրեական գործի շրջանակներում իրականացնելու ենք մինչև վերջ: Այս գործով պլանավորված ոչ մեկի ծրագիրը չի իրականացվելու, և Վահագն Աբգարյանը` Ալավերդցի Վահագը, դատապարտվելու է ու ստանալու այն արժանի պատիժը, որ ինքը պետք է ստանա անմեղ անձի սպանությունը կազմակերպելու համար»,-նշեց Երվանդ Վարոսյանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Մարինա Պողոսյանի ներկայությունը այդ գործով դատական նիստին, Երվանդ Վարոսյանն ասաց, որ Մարինա Պողոսյանն ըստ էության ստանձնել է Վահագն Աբգարյանի պաշտպանությունը, ընդ դորում, ինքը տեղեկություններ ունի, որ վերջինս հանդիսանում է նաև Վահագն Աբգարյանի ներկայացուցիչը:
«Այստեղ ոչ մի իրապաշտպանության, լրատվության մասին, բնականաբար, խոսք չի կարող լինել: Մարինա Պողոսյանը փաստացի Վահագն Աբգարյանի պաշտպանն է, ու բնականաբար, ինքն է համակարգում այս իրականությունից կտրված աղմուկը: Բայց նորից եմ կրկնում` դա մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Ինչ ստոր ու նենգ միջոցի էլ որ փորձեն դիմել, միևնույն է, մենք ճանապարհից չենք շեղվելու»,-եզրափակեց Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով:
Մանրամասները` տեսնյութում:
Գոհար Սավզյան