«Չի կարելի մեկ նախադասությամբ հերոսին դարձնել դավաճան, իսկ դավաճանին վերածել հերոսի». Արծվիկ Մինասյան

Տեղի է ունեցել ոչ թե զբաղվածության ընդլայնում, այլ ընդհակառակը` նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը՝ ակնարկելով, որ գործազուրկների թիվը նվազել է արտագաղթի հետևանքով:

«Այո, այս պնդումը կա: Սրա հիմքում ընկած են այն հակափաստարկները, որ՝ իշխանությո՛ւն, բավարար է գովերգես չեղած բաները կամ նպատակները, որին դու գնում ես: Իրական քայլեր պետք է իրականացնել, որ նպատակներն արդյունք տան կամ արդյունքի վերածվեն, և ոչ թե թվային մանիպուլյատիվ հայտարարություններ արվեն: Այս ամենը խոսում է նրա մասին, որ սոցիալ-տնտեսական քաղաքականության առումով, ինչպես նաև շատ այլ ուղղություններով չենք ձևակերպել հստակ ռազմավարություն: Ցավում եմ, որ օրվա քաղաքական իշխանությունը ոչ միայն չի կարևորում այս հարցը, այլ, երբ անգամ ծրագրեր է բերում, մերժում է հասարակության մյուս անդամների ներգրավվածությունը: Եվ այն ամպի վրա նստած վիճակը, որ հասարակության 70 տոկոսից ավելին մեզ մեկ տարի առաջ ձայն է տվել, մարդիկ չեն գիտակցել, որ իրավիճակ է փոխվել:

Չեն պատկերացնում, որ հասարակությունը հոգնել է մանիպուլյատիվ հայտարարարություններ լսելուց: Եկել է կոնկրետ գործողությունների և արդյունքի ժամանակը: Եվ այսպիսի ցուցանիշները, երբ տեսնում ենք պաշտոնական հրապարակված, խոսում է այն մասին, որ շատերը հիասթափված վիճակից հեռանում են»,- նշեց նա:

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ «թավշյա հեղափոխությունից» հետո գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 267 հազար հայաստանցի՝ 40 հազարով ավելի, քան 2017-ին:

Ըստ Մինասյանի՝ սա ևս մեկ ապացույց է, որ, երբ դրական փոփոխությունների ակնկալիքներն այնքան մեծ են, որ իրականության հետ աղերսներ չունեն, սա բերում է որոշակի հիասթափության:

«Մեծամասշտաբ հուժկու ժողովրդական շարժումը, որ ձևավորվել էր ՀՀ-ում, մարդկանց ակնկալիքներն էլ շատ մեծ էին, սակայն հիմա տեսնում են, որ այդպես չէ, ուստի շատերը՝ չմեղադրելով իրենց, իրենց ընտրությունը, որոշում են գնալ այդ տարբերակով: Այո՛, հասարակության սպասելիքները չեն արդարանում, և օր օրի վրա դժգոհությունների ավելի մեծ պատճառ է դառնում»,- հավելեց ՀՅԴ-ական գործիչը:

Այս համատեքստում նախկինում նախարարական պաշտոններ զբաղեցրած Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության մի էական հատված, որքան հնարավոր է՝ որակական ձախողումներ է թույլ տալիս:

«Խոտանը, որ արտահայտվում է այսօրվա քաղաքական մեծամասնության գործունեության մեջ, ինչպես նաև՝ քաղաքական առանձին փոքրամասնությունների մոտ, այնքան է մեծանում, որ թշնամանքը և ատելությունն արդեն հորդում է ԱԺ-ի ամբիոնից:

«Նախկին հանցավոր ռեժիմ» արտահայտությունը դարձրել են իրենց գործունեության ուղղություն, չափանիշ: Եվ ում կարծիքը չի համապատասխանում իրենց կարծիքի հետ, կամ ով այլ կարծիք ունի՝ միանգամից պիտակավորում են: Սա հիշեցնում է 30-ականների՝ հայտնի ռեպրեսիաներին բնորոշ «ժողովրդի թշնամի» արտահայտությունը: Քաղաքական և անձնական վրեժխնդրությունը դառնում է վարքագծի կանոն՝ իշխանության կողմից թելադրված կամ ձեռնարկվող: Բռնությունը քարոզվում է իշխանության կողմից, կամ՝ առնվազն անտարբերության է մատնվում, այսպիսի պայմաններում պարզ է՝ հասարակությունը ոչ միայն դառնում է ագրեսիվ, հիասթափվող, այլ նաև իր կյանքը այլ տեղեր որոնելու պատրաստ»,- շեշտեց Մինասյանը՝ միաժամանակ ակնարկելով, որ հասարակության մեջ այս չափով կուտակված մաղձի պատճառը նաև արտաքին ծագում ունի, հատկապես, երբ ՀՀ-ն բավարար չափով կանխարգելման հնարավորություն չունի սոցցանցային հարթակում, սրան գումարվում է նաև իշխանությունների ամբարտավան պահվածքը, և ունենում ենք այն, ինչ ունենք:

Դաշնակցական գործիչը զգուշացրեց՝ պատմությունը ցույց է տվել, որ այս դեպքերում մեծ բաներ ենք կորցրել:

«Եթե 21-րդ դարի հասարակությունը սա չգիտակցի, մենք կարող է նաև պետականություն կորցնենք: Ես այս սպառնալիքը տեսնում եմ, զգում եմ: Օր առաջ պետք է կանգնել և գիտակցել՝ չի կարելի պետականությանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրյա գործունեություն: Մի պահ կանգնեն և հասկանան՝ չի կարող իշխանության ներկայացուցիչն ամենավերջին բառերով բնութագրել ազատագրական պայքարի մասնակցին, թեկուզ նա իր քաղաքացիական կյանքում թույլ է տվել սխալներ: Բայց չի կարելի հերոսին դարձնել դավաճան մեկ նախադասությամբ, կամ՝ դավաճանին վերածել հերոսի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Հարցադրմանը, որ 20-25 տարվա ընթացքում տեսել ենք նաև, որ «հերոսի», «կռվածի» անվան տակ հանցանքներ են թաքցվել, այսինքն՝ սա էլ այլ ծայրահեղություն է, Մինասյանը պատասխանեց՝ այս երևույթը բազմապատճառային է, միայն մի կողմը չի մեղավոր: «Բայց երբ դու ունես հանրային իշխանություն, քո պարտավորությունները շատ ավելի մեծ են»,- շեշտեց նա:

Անդրադառնալով իր հարազատ կուսակցության կարողություններին՝ Արծվիկ Մինասյանը պնդեց՝ 129 տարվա պատմությունը ցույց է տվել, որ Դաշնակցությունը կենսունակ է, առողջ, և, որ այդ կենսունակությունը ոչ մի այլ ուժ չունի՝ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ ՀՀ սահմաններից դուրս:

Միաժամանակ Մինասյանը վստահեցրեց՝ ներկա իշխանությունների ձախողումներից չեն օգտվի կամ դրանք ծառայեցնեն սեփական քաղաքական շահերին: «Բացարձակ խնդիր չունենք օրվա ձախողումներն օգտագործելու՝ մեր նեղ խմբային կամ կուսակցական նպատակներից ելնելով»,- վստահեցրեց նա:

Մեզ հետ զրույցում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև կուսակցական վերանայումներին, կոալիցիայի ժամանակահատվածներում Դաշնակցության արձանագրած ձեռքբերումներին ու սխալներին, և, թե ինչու սկզբում որոշեցին կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս