Գյումրիում թվայնացվում են աշխատանքային գրքույկները
Գյումրիում ընթացքի մեջ է աշխատանքային գրքույկների թվայնացումը։ Այն իրականացնում է Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժինը: Գործընթացի մեկնարկը տրվել է 2017 թվականին, որը տևել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա դադարեցվել և վերսկսվել 2019 թվականի հունիսի 4-ին: Այս պահին արդեն Գյումրիում թվայնացվել է 9433 աշխատանքային գրքույկ, որոնցից 7651-ը մինչև 2018 թվականի դեկտեմբերը թվայնացված գրքույկներն են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Կարեն Մալխասյանը, աշխատանքային գրքույկների թվայնացման պատասխանատվությունը կրում են հիմնականում գործատուները, սակայն թվայնացման համար գրքույկները կարող են ներկայացնել նաև այն քաղաքացիները, ովքեր ներկա պահին չեն աշխատում, և գրքույկներն իրենց մոտ են: «Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ աշխատանքային գրքույկները թվայնացման ներկայացրին նախ 100 և ավելի աշխատակից ունեցող գործատուները, ապա՝ մինչև 50 աշխատող ունեցող պետական ու մասնավոր կառույցներն ու անհատ ձեռներեցները։ Աշխատանքային ստաժների մասին տեղեկատվությունը մեկ ընդհանուր համակարգում է կենտրոնացվում՝ սկսած 2017 թվականից:
13Թվայնացված գրքույկների տվյալները պահվում են էլեկտրոնային շտեմարանում, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկներից ազատելու համար»,- նշեց Կարեն Մալխասյանը՝ տեղեկացնելով, որ թեև գրքույկներն իրենք են հավաքում, բայց ինֆորմացիան համակարգիչ մուտքագրելու իրավասություն ունի մեկ լիցենզավորված ընկերություն: Թվայնացումից հետո գրքույկները կրկին վերադարձվում են տերերին:
Գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել մինչև դեկտեմբերի 31-ը: Պատասխանատուները խորհուրդ են տալիս բնակիչներին, անհատ ձեռներեցներին և ընկերություններին շտապել և աշխատանքային գրքույկները ներկայացնել թվայնացման մինչ այդ ժամկետը:
Արմենուհի Մխոյան