«Ծեծված սպայի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր». Գևորգ Հովհաննիսյան
Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սպան դեռևս արհեստական շնչառություն է ստանում, կոմայի մեջ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը, ով մշտապես կապի մեջ է սպայի ընտանիքի անդամների հետ:
«Աչքերը բացել էր, բայց դա ռեֆլեկտոր երևույթ է, երբ երկար ժամանակով մարմինը քնեցնում են, ինքը հետո վերադառնում է իր նախկին ռեժիմին: Քնած մարդն էլ է աչքերը մեկ-մեկ կիսաբաց անում, նայում ես, գիտես, թե արթուն է: Կայուն ծանր է առողջական վիճակը: Հլը թող գլխից մի մազ ծռվի….»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորիալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել էր շտապ վիրահատության: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպան մարմնական վնասվածքները ստացել էր 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Դեպքից չորս օր անց՝ սեպտեմբերի 22-ին, մեղադրանք առաջադրվեց Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին, հոկտեմբերի 4-ին մեղադրանք առաջադրվեց նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը բավարարվել է: Դեպքի հետ էր կապվում նաև նրա անունը, նախկին մարզպետը հերքել էր դեպքին իր մասնակցության մասին լուրերը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ