«Չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար պատասխան տալ». Սուրեն Պապիկյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի ««Իմ քայլը» ՝հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված ներկայիս իրավիճակին՝ ասաց.
«Չեմ պատրաստվում հինգ տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար պատասխան տալ,- նշեց նախարար և հավելեց,- Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ ոլորտը ստանձնելուց հետո այժմ լուրջ փոփոխություններ են կատարվում, նաև՝ վերանայվում են այն բոլոր հարցերը, որոնց շուրջ այսօր դատախազությունը քրեական գործեր է հարուցում։ Առաջիկայում մենք զրոյական հարթակից այդ ամենը կկարգավորենք՝ Հյուսիս-Հարավն ավարտին հասցվելու է»։
Անդրադառնալով Արարատի մարզի Նորաշեն համայնքում տեղի ունեցող իրադարձություններին, Սուրեն Պապիկյանն ասաց, որ զրուցել է Նորաշենի համայնքի նախկին ղեկավարի հետ, եկել են ընդհանուր հայտարարի, և նախկին համայնքապետը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանով Նորաշենի ղեկավար Նորայր Գրիգորյանն ազատվել էր պաշտոնից, ինչը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել գյուղում, ուստի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջում էին մարզպետից՝ հրաժարական ներկայացնի և վերականգնի իրենց համայնքի ղեկավարին պաշտոնում։
Զվարթ Խաչատրյան