Բաժիններ՝

«Պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ խոսի, տեղեկացնի, որ ՀՀ քաղաքացիներին Փոթիում թալանում են». Ավտոներկրողներ

Ավտոներկրողները շարունակում են դժգոհել.  Փոթիում գնալով կուտակումները մեծանում են:

«Եթե առաջ նավ հասնելուց հետո մեկ ամսվա ընթացքում մեքենաները ստանում էինք ու դժգոհում, որ հերթ էր, հիմա մեկ ամիս հետո մեքենան ստանում ենք՝ ուրախանում, ասում ենք՝ շատ չսպասեցինք:

Հերթը գնալով ձնագնդիի նման մեծանում է»,- 168.am-հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ հավելեց.

«Քանի որ հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է Հայաստան գալ, պահանջում ենք, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա հետ խոսի, տեղեկացնի, որ ՀՀ քաղաքացիներին Փոթիում թալանում են, մարդիկ տոկոսների տակ են ընկել, մեքենաները բեռնախցիկներից (կոնտեյներ), չեն իջեցնում ու մեր քաղաքացիներն օրը 50 լարի տուգանվում են. ամիսներով այսպես է: Մեր կարծիքով՝ ուշացնում են մեքենաները իջեցնել, առաջնահերթությունը տալիս են ադրբեջանցիներին ու վրացիներին, որ իրենք ավելի շուտ վաճառեն մեքենաները, քան հայերը: Այսինքն, մերոնք մինչև հունվարի մեկը չհասցնեն ու քաշվեն»:

Հիշեցնենք՝ Կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ ավտոներկրողները կկարողանան հին կարգով վաճառել իրենց մեքենաները. հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը: Որոշմամբ՝ կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ, կամ ՀՀ հատուկ անձնագիր, իսկ օտարերկրացիների՝ մեքենա գնելու կարգի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:

Նշենք, որ հոկտեմբերի երեքին ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին վերացնել ԵԱՏՄ այլ պետությունների քաղաքացիների վերաբերյալ սահմանափակումները և 2020 թ. հունվարի 1-ից հետո ևս երկու ամիս ժամանակ տրամադրել՝ մեքենաները այժմյան մաքսային գներով մաքսազերծելու համար:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս