Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. armeniasputnik.am
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը և բողոքում էին խաղողի մթերման գներից։ Արենի խոշորացված համայնքի (ընդգրկում է նաև Աղավնաձոր գյուղը) ղեկավար Հուսիկ Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ բողոքի ակցիային մասնակցում էր մոտ 150 մարդ։
Պռոշյանի գործարանն անցած տարի «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը գնել է 470 դրամով, իսկ հիմա 225 դրամ է առաջարկում։ Ընդ որում` գյուղի բնակիչներն իրենք պետք է արտադրանքը տեղափոխեն Արմավիրի մարզ, որտեղ գտնվում է ձեռնարկության մթերման բազան։
Կայքին չհաջողվեց կապ հաստատել գործարանի ներկայացուցիչների հետ։ Դեռ առավոտյան ընկերության ներկայացուցիչը խոստացել էր պարզաբանել իրավիճակը, սակայն մինչև հիմա արձագանք չկա։ Գյուղացիներն ակնկալում են, որ կառավարությունը կզբաղվի այդ հարցով, բայց առայժմ պատկան մարմիններից ոչ մեկը չի հանդիպել նրանց հետ։
«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղացիները քիչ առաջ բացել են ճանապարհը, քանի որ նրանց խոստացել են երկուշաբթի հանդիպել գործարանի տնօրինության հետ։ Ակցիայի կազմակերպիչներից մեկի` Տարոն Ստեփանյանի խոսքով` չի բացառվում, որ ճանապարհը նորից փակեն, եթե խնդիրը չլուծվի։