Արգելանք է դրվել Գագիկ և Կարեն Խաչատրյանների տեսակցությունների և զանգերի վրա
Շուտով կլրանա Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի երկամսյա ժամկետը: Մինչ այդ պաշտպանները բողոքարկում են նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:
Սեպտեմբերի 27-ին վերաքննիչ դատարանը մերժեց փոխել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:
168.am-ը Գագիկ և Կարեն Խաչատրյանների փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանին հարցրեց, թե արդյո՞ք Վերաքննիչի վճիռը բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում:
«Որոշումները դեռ չենք ստացել: Ստանալուն պես անպայման բողոքարկելու ենք»,- ասաց պաշտպանը:
Այն հարցին, թե կա՞ արդյոք արգելանք Խաչատրյանների գույքի վրա, Ամրամ Մակինյանն ասաց, որ ինքը Կարեն Խաչատրյանի մասով հարցում է ուղարկել, բայց դեռ պաշտոնական պատասխան չի ստացել: Իրենց չեն ծանոթացրել այդ որոշման հետ, եթե այդպիսին կա:
«Միջնորդությունները ընդհանրապես Քրեական դատավարության օրենսգրքով քննության են առնվում: Ես միջնորդել եմ տրամադրել 5-օրյա ժամկետում: Այդ ժամկետները դեռ չեն լրացել»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ հիմնավորումները բերելուց հետո կմիջնորդեն, որ այդ կալանքը հանվի, եթե, իհարկե, կա նման բան:
Խոսելով տեսակցությունների ու զանգերի վրա դրված արգելանքի մասին՝ պաշտպանն ասաց, որ և Գագիկ, և Կարեն Խաչատրյանների տեսակցությունների ու զանգերի վրա արգելանք կա դրված, իսկ թե երբ դրանք կվերացվեն, հարցի հասցեատերը վարույթն իրականացնող մարմինն է: Իրենք իրենց հերթին՝ բոլոր ընթացակարգերով անցնելու են՝ այն բողոքարկելու համար:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
Գոհար Սավզյան