«Ես ուզում եմ, որ հայերը լինեն կարասների նման». Արագածոտնի մարզպետ

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջույնի իր ելույթի ժամանակ հայտարարեց՝ տնտեսական հեղափոխության մեկնարկն արդեն զգացվում է:

«Արագածոտնի մարզում, կամ ինչպես ես եմ հաճախ սիրում ասել՝ Հայաստան աշխարհի Արագած սրտում մենք այսօր ներկա ենք մի աննախադեպ միջոցառման, գոնե մեր մարզի համար աննախադեպ, թե՛ իր նշանակությամբ, թե՛ իր ծավալով:
Մարզի մասին խոսելիս ձեզ վիճակագրական թվերով չեմ ուզում ծանրաբեռնել, մի քանի առանձնահատկության մասին եմ ուզում խոսել: Մեր մարզի տարածքի բաձրությունը ծովի մակարդակից 1000-4000 մետրի սահմաններում է տատանվում տարբեր վայրերում, ինչը մեր մարզն ավելի գրավիչ է դարձնում թե՛ զբոսաշրջության համար, թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության տարբեր ճյուղերի և թե առհասարակ տնտեսության տարբեր ճյուղերի համար, որոնց հետ կապված կան ծրագրեր, որոնցից շատերի մասին այսօր կլսեք, ունենք գիտական մեծ պոտենցիալ, բայց խնդիր ունենք ամեն օր դրանց նոր թափ հաղորդելու:

Ինչպե՞ս անել դա. այս նպատակներին հասնելու համար պետք է տեսնել, թե ի՞նչ է դրա հիմքում դրված. մեր նպատակի հիմքում դրված է անսահման սերը և նվիրումն առ հայրենիք: Մեզ շատերը կոչում են հեղափոխականների թիմ, նոր մարդկանց թիմ, նոր գաղափարներով մարդկանց թիմ, անկեղծ ասած, որոշ շրջանակների մոտ դա կասկածի և անորոշության տեղիք է տալիս, բայց այդ փոքր կասկածից մենք չենք հուսահատվում, որովհետև երբ հետհայացք ենք գցում՝ երկար տարիներ մեզ ավելի քիչ են հավատացել, մենք էլ պարոն վարչապետի առաջնորդությամբ և խոսքով ասել ենք՝ մի՛ հավատացեք մեզ, հավատացե՛ք ինքներդ ձեզ:

Անցած տարի գարնանն ամեն մեկը մեր երկում հավատաց ինքն իրեն, հասկացավ և գնահատեց իր դերը ամբողջության մեջ և տեղի ուենցավ այն, ինչ ահնարին էր թվում: Տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը: Այս տարի վարչապետը հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, բազմաթիվ տնտեսագետներ կիսահաշվարկներ են փորձում ներկայացնել՝ ապացուցելու համար, որ տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ, բայց տնտեսական հեղափոխության հաջող ընթացքն արդեն իսկ անհերքելի փաստ է»:

Այս առիթով Արագածխոտնի մարզպետը մի պատմություն հիշեց հեղափոխության օրերից և վարչապետից թուլտվություն հարցնելուց հետո՝ պատմեց.

«Իրադարձությունները տեղափոխվել էին արդեն Երևան, մի գիշեր նստած քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները և մեր այժմյան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը օրվա լրահոսին էր ծանոթանում: Սենյակում ես էի, վարչապետը, տիկին Հակոբյանը, էլի մի քանիսը մեր ընկերներից, Արայիկ Հարությունյանն ասաց, որ Ռադիոտան հետ կապված քրեական գործ է հարուցվել և հավանաբար շուտով ձերբակալություններ կլինեն, վարչապետը սկզբում չարձագանքեց, լռություն էր սենյակում, հետո վարչապետը նայեց մեզ և ասաց՝ ի՞նչ քրեական գործ, ի՞նչ ձերբակալություն, եթե մենք ժողովրդի պահանջը չենք կարող կատարել, եթե ոտքի ելած ժողովրդին չենք կարողանալու հասցնել իրենց հաղթական նպատակին, ուրեմն ես քաղաքականության կամ ազատության մեջ անելիք չունեմ:

Ես վստահ եմ, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է, և այդ ամեն մեկս պետք է այդ գիտակցումով մոտենանք և շարժվենք, հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրից է ամեն բան կախված, կամ հաջողելու ենք և լավ երկրում ենք ապրելու, կամ … այլ տարբերակ չկա, վատ տարբերակ չկա»:

Մարզպետը կիսվեց նաև իր երազանքների Հայաստանի մասին  պատկերացումներով: Այն ներկայացնելու համար  էլ Դավիթ Գևորգյանը պատմություն ուներ:

«Մի օր Աշտարակում գինու բակ էինք բացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, մի պամություն լսեցի: Տանը, որտեղ գտնվում էինք, շատ մեծ կարասներ կային դրված, և ուսումնասիրությւնները ցույց էին տվել, որ տան կառուցումից հետո ոչ մի դռնով և պատուհանով դրանք ներս չէին կարող մտնել, ուրեմն՝ կարասները ներսում են եղել, երբ կառուցվել է տունը, այդ կարասների վրա է տունը կառուցվել: Ես երազում եմ, որ Հայաստնում աշխարհի ամեն մի հայ լինի այնքան մեծ ու այնքան հզոր, որքան այդ կարասներն այդ տանը, որ մեր դարպասները, սահմանները ամեն հայի ներս թողնեն, և նրանք կարասների պես չկարողանան ու չուզենան դուրս գալ, քանի որ, պարոն վարչապետ, մենք բոլորս համաձայն ենք՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Իմ երազանքի Հայաստանում ամենահպարտը քայլում է սովորող, աշխատող փնտրող, պրպտող, օրվա աշխատանքով բարիք ստեղծող մարդը, իմ երազած Հայաստանում մարդուն հարգում են իր ստեղծած արժեքով, ոչ թե մեքենայի շքեղությամբ:

Իմ երազանքի Հայաստանում ամոթ չէ ինչ-որ աշխատաք կատարելը, ամոթ է չաշխատելը: Մամուլում հրապարակումներ եղան իմ աշխատած տեղերի մասին՝ տաքսու վարորդ, առաքիչ, որոնցով ես չեմ զբաղվել: Դա մտածողության խնդիր է, ինձ չեն վնասել դրանով, կվնասեին, որ ասեին՝ պարապ թրև եմ եկել, ինչ-որ մեկի աշխատանքից ինչ-որ բան եմ փախցրել:

Միայն աշխատելով է հնարավոր լավ ապրել մեր երկրում: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, հիմա էլ ուզում եմ կրկնել՝ իմ խորին համոզմամբ հայրենիքը չեն սիրում կենացներով, երգերով, սիրում են գործով, այստեղ ներկա բոլոր մարդիկ, այստեղից դուրս 100 հազարավոր մարդիկ իրենց ամենօրյա սերն առ հայերնիք արտահայտում են իրենց աշխատանքով: Ես վստահ եմ, որ հայրենսիրության լավագույն դրսևորումը հայրենիքումդ լավ պետություն կառուցելն է: Ես այս խոսքերն ասել եմ Թաթուլ Կրպեյանի գերեզմանին ծնկի իջած, ես այս խոսքերն ասել եմ մանուկներին գրկած: Մեր երազանքն իրականություն է դառնալու, դրան այլընտրանք չկա պարզպես: Ես ցանկանում եմ ապրել մեր հերոսների սխրանքին և մանուկների ժպիտներին արժանի երկում, շատ երկար ժամանակ համախմբվել ենք աղետների և վատ առիթների դեպքում: Անցած տարի գարնանը մի պայծառ իրադարձության շուրջ ենք հավաքվել, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ոսկե տառերով պատմություն ենք գրում, մենք խենթ մարդիկ ենք, խենթի նման ենք պայքարում, նվիրվում, սիրում:

Հայրենիքի շենացման գործում մեզ կանգնեցնել հնարավոր չէ: Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին, կեցցե՛ ազատ անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանը»,- ասաց նա:

Իր այս ելույթից հետո մարզպետը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը հայտարարեց բացված:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս