«Դա սուտ է». Գարիկ Սարգսյանը՝ Նորաշենի նախկին համայնքապետին ՔՊ-ին անդամագրվել առաջարկելու մասին

Նորայր Գրիգորյանը աշխատանքից հեռացվել է, քանի որ իր պարտականությունները պատշաճ չի կատարել: Այս մասին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան:

Լրագրողները հարցին՝ արդյո՞ք պատճառը անձնական խնդիրները չեն եղել, քանի որ Նորաշենի նախկին համայքնապետը պնդում էր, որ իրեն հեռացրել են, քանի որ նա ընտրությունների ժամանակ չի սատարել Գարիկ Սարգսյանին, վերջինս պատասխանեց.

«Ոչ մի նման խնդիր չի եղել, ինքն էլ կարող է փաստել, դուք կարող եք իրեն էլ հարցնել ՝ արդյոք մեր հարաբերությունները լավ են եղել, թե վատ: 2016թ. սեպտեմբերին մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար, ծանոթացել ենք մարզպետարանում, 2017-ին, երբ Նորայր Գրիգորյանի նկատմամբ մահափորձ է եղել, զանգել եմ, որպիսությունն եմ հարցրել, հեղափոխության օրերին իրեն էլ կոչ եմ արել միանալ հեղափոխությանը, հեղափոխությունից հետո էլ շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել:

Իսկ թե ի՞նչն է եղել պատճառը՝ ասեմ, որ մեր հարաբերությունները լարվել են, ոչ մի անձնական խնդիր չկա, ուղղակի որպես մարզպետ ես միշտ նրանից պահանջել եմ, որ հաշվետու լինի ավագանու առաջ, եռամսյակային հաշվետվությունը կամ տարեվերջյան բյուջեի կատարողական ներկայացնի ավագանուն, ինչպես նրանք պահանջում են:

Այս ամենի փաստով ավագանու գրությունները մեզ մոտ կան, թե ինչպես են դիմել մարզպետարան, ինչպես ենք մենք դիմել համայնքապետին, սակայն նրա կողմից օրենքով նրանից պահանջվող իր պարտականությունները չեն կատարվել, հաշվետվություն պատշաճ չի ներկայացրել: Հաշվետվողականությունը, որը նա պարտավոր է իրականացնել, չի կատարել»:

Մարզպետը նաև պնդում է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, չնայած նորաշենցիները պնդում էին, որ ավագանու անդամների 2/3-ը Նորաշենի նախկին համայնքապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի տակ չեն ստորագրել:

«Ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ ներկա անդամների 2/3-րդը պետք է ստորագրած լինի:  Ներկա են եղել 5 անդամներ, ստորագրել են չորսը, դա ապահովում է 2/3-ը»:

Նորաշենցիրները նաև պնդում էին, որ Գարիկ Սարգսյանն իրենց ասել է, թե ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել է, որովհերև ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել: Գարիկ Սարգսյանը հերքում է այդ լուրերը.

«Ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել եմ, քանի որ նա  ավագանու ամենաշատ ձայներ հավաքած անդամն է: Ընտրությունները կապ չունեն, ես ոչ մի համայնքի ղեկավարի ծառայությունների կարիքը չեմ ունեցել»:

Գարիկ Սարգսյանը նաև հերքում է այն լուրը, որ ինքը բողոքի ակցիայի մասնակիցներին «թափթփուկ» է անվանել: Իսկ հացին, թե Նորայր Գրիգորյանին առաջարկե՞լ եք ՔՊ-ին անդամագրվել, նա պատասխանեց.

«Դա սուտ է, շատ համայնքի ղեկավարներ մեծ ցանկություն կունենային լինել ՔՊ-ի կազմում, բայց մեր կուսակցության կողմից ոչ մի համայնքի ղեկավարի նման առաջարկ չի եղել: Արարատի մարզում չկա մի համայնքի ղեկավար, ով դարձել է ՔՊ անդամ հեղափոխությունից հետո, նման առաջարկ մեր կողմից չի եղել: Դա մեկ օրվա հարց չէ, մարդիկ իրենց քաղաքական հետագծով, իրենց արժեհամակարգով, իրեն գաղափարներով պետք է հարեն այդ կուսակցությանը, որ դրա մաս դառնան»:

Լրագրողների հակադարձմանը, որ հեղափոխությունից հետո տարբեր պաշտոններ են զբաղեցնում նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, օրինակ՝ Հունան Պողոսյանը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց.

«Հունան Պողոսյանը ոստիկանապետ է եղել, ուսադիր կրողները որևէ կուսակցության անդամ չեն լինում»:

Լրագրողի պդնմանը՝ թե հեղափոխությունից առաջ ՔՊ-ականները պնդում էին, որ ոստիկանությունը ծառայում է գործող իշխանությանը, Գարիկ Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունը միշտ էլ իշխանությանն է ծառայում.

«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եթե ժողովրդի մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է մեր իշխանությանը, ոստիկանությունն էլ ծառայելով իշխանությանը ծառայում է ժողովրդին: Մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը այսօր մեր ուժն է»:

Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանն ազատվել է աշխատանքից, ինչի պատճառով նորաշենցիները բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի և Արարատի մարզպետարանի առջև՝  պահանջելով իրենց ընտրած համայնքապետի լիազորությունները վերականգնել: Հասկանալով, որ դա անհնար է, Արարատի մարզպետին առաջարկեցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նորայր Գրիգորյանի տեղակալ Աշոտ Ստեփանյանին: Այս առաջարկությունը ևս չընդունվեց:

Գյուղապետարանի աշխատակիցները փակել էին գյուղապետարանի շենքի դուռն ու բանալին պահել էին՝ հրաժարվելով այն փոխանցել անգամ իրավապահ մարմիններին:

ԱԻՆ և Ոստիկանության աշխատակիցները ստիպված էին կոտրել դուռը:

Նորաշենի համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կկատարի նորաշենցի Արտակ Հարությունյանը: Նորայր Գրիգորյանը պատրաստվում է նոր ընտրություններին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս