Արսեն Թորոսյանի հաջորդ թիրախը Արմեն Մուրադյանն է. երկու մեթոդ է ընտրվել. «Հրապարակ»
«Հրապարակ». թերթը գրում է. «Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան հակամարտությունը գնալով խորանում է։ Արմեն Մուրադյանի կողմից դատական հայցերը «չմարսած» նախարարը, ամենայն հավանականությամբ, տարբեր մեթոդներ օգտագործելով փորձում է «ազատվել» Մուրադյանից։
Երեկ հայտնի դարձավ, որ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ ինքնաբացարկ են ներկայացրել, ինչը կարող է հիմք հանդիսանալ հոգաբարձուների նոր խորհրդի ձեւավորման, եւ վերջնարդյունքում՝ ռեկտորի փոփոխության։
Բացի սրանից, մեկ այլ մեթոդով էլ որոշել են «դուրս գալ» Մուրադյանի ատենախոսությունների վրա, ինչը վերջերս բավականին ակտուալ քայլ է դարձել։ Կրթության գիտության,մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Արմեն Մուրադյանի վերաբերյալ դեռ նախարարություն դիմում չենք ստացել, մամուլից տեղեկացա, որ ԲՈԿ-ում ստացվել է դիմում նրա պրոֆեսորության հետ կապված, ոչ թե դոկտորական ատենախոսության հետ կապված։
Մենք ունեցել ենք դեպքեր ատենախոսությունների հետ կապված, տվյալ դեպքում կառավարություն էին դիմել, այնտեղից եկել էր հանձնարարական, դրա հիման վրա նախարարը ձեւավորել է հանձնաժողով՝ մասնագիտական, որի արդյունքում հանձնաժողովը ստուգել էր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։ Դրա հետ կապած, երբ դիմումը կլինի, թե որ հարցի հետ կապված է պարզաբանում պահանջում, այդ ժամանակ ըստ դիմումի մեր քայլերի հետ կապված տեղյակ կպահենք»։
-Պարոն Թամրազյան, տեղեկություններ ունենք, որ նախարարությունը դիմելու է ԲՈԿ-ին, որպեսզի ստուգի Արմեն Մուրադյանի ատենախոսությունները։
-Այս րոպեի դրությամբ, նախարարություն որեւէ նման դիմում մուտք չի եղել։ Սեփական նախաձեռնությամբ, եթե մեզ դիմող չի եղել, որպես լիազոր մարմին կարող ենք նախաձեռնել, բայց մեր օրակարգում նման նախաձեռնություն չկա։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմում ներկայացնելու ինչ-որ անձի ատենախոսության հետ կապված, մենք պարոն Ռուբեն Հայրապետյանից, Դիանա Գալոյանից բացի, եղել է նաեւ Գագիկ Գալստյանի վերաբերյալ։ Արդյունքում ձեւավորվել է հանձնաժողով եւ տվել է իր եզրակացությունը։ Պարոն Մարուդյանի հետ կապված այս րոպեին չկա նման նախաձեռնություն նախարարության կողմից։ Պրոֆեսորի կոչման հետ կապված խնդրի մասին մամուլից եմ ծանոթացել։
-ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից քանի՞սն են ինքնաբացարկ են հայտնել։
-Այս պահի դրությամբ, 2 դիմում կա՝ Հովհաննես Հովհաննիսյան եւ Լենա Նանուշյան։
-Հիմքը նշո՞ւմ են։
-Ձեզ ասեմ, որ դիմումներին դեռ չեն ծանոթացել։
-Քանի՞ դիմում պետք է լինի, որ խորհուրդը ցրվի։
-Հիմնադրամների մասին օրենքն ասում է, որ եթե խորհրդի 50 տոկոսը ինքնաբացարկ դիմում է ներկայացնում, ապա խորհուրդը ցրվում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: