Բաժիններ՝

Ուսուցչի տոնի մասին

Անցած շաբաթ նշվեց Ուսուցչի մասնագիտական տոնը։ Կար նորություն և կար վատ ավանդույթի շարունակություն։ Վատ ավանդույթն այն է, որ երկրի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այս տարի էլ չմասնակցեցին Ուսուցչի տոնին։ Հայաստանում արդեն շուրջ 20 տարի նշվում է Ուսուցչի տոնը։ Այդ տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, երբ երկրի ղեկավարը մասնակցի Ուսուցչի տոնին։

Մինչդեռ մենք տեսնում ենք, որ երկրի առաջին դեմքերը պարտաճանաչ ձևով մասնակցում են քննիչների, դատախազների, ոստիկանների և այլ խմբերի մասնագիտական տոներին։ Ուսուցիչների կարևորության մասին հռետորաբանությունը Հայաստանում այնքան բարձրագոչ է, որ թվում է՝ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է մեկ մարդու նման մասնակցեն Ուսուցչի տոնին։ Մինչ այսօր ոչ մի բացատրություն չի տրվել, թե ինչո՞ւ է նման խտրական վերաբերմունք ցուցաբերվում ուսուցիչների նկատմամբ։ Նախարարները չե՞ն հրավիրում երկրի ղեկավարին, թե՞ ղեկավարի համար ուսուցիչների հետ հանդիպելը առաջնահերթություն չէ։

Այս տարվա նորությունն այն էր, որ չկայացան «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցանակաբաշխությունները։

Հիշեցնեմ, որ այդ մրցանակաբաշխությունը անկախ Հայաստանում սկսվեց Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Վազգեն Սարգսյանը խոստացավ, որ Հայաստանի լավագույն ուսուցիչը պարգևատրվելու է ավտոմեքենայով։ Բայց հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները հնարավորություն չտվեցին, որպեսզի Վազգեն Սարգսյանը անձամբ իրագործի այդ նախաձեռնությունը։ Վազգեն Սարգսյանի խոստումն իրագործեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

Ավելին, որոշվեց ավտոմեքենա նվիրել նաև տարվա լավագույն դաստիարակին։ Այդպիսով Հայաստանը դարձավ տարվա ուսուցչին ամենաթանկարժեք մրցանակը տվող երկիրը։ Համեմատության համար ասեմ, որ ԱՄՆ-ում Տարվա ուսուցիչը ստանում է ոսկեզօծ խնձոր։ Նման խորհրդանշական մրցանակ է ստանում նաև Ռուսաստանի լավագույն ուսուցիչը։

Իհարկե, Հայաստանում անցկացվող մրցույթն ուներ բազմաթիվ թերություններ։ Օրինակ՝ լավագույն մանկավարժներին որոշում էին նախարարությունում անցկացվող 2-3 ժամանոց քննարկման արդյունքում։ Հասկանալի է, որ քննարկումն այն ֆորմատը չէ, որը ցույց է տալիս, թե ով է լավագույն մանկավարժը։ Կային այս մրցույթները բարելավելու բազմաթիվ եղանակներ։ Օրինակ՝ կարելի էր եզրափակիչ փուլում անցկացնել դասեր և դասերի դիտարկումներ։ Կարելի էր եզրափակիչ հասած ուսուցիչների հանդիպում կազմակերպել ծնողների և աշակերտների հետ, որի ժամանակ ուսուցիչները կպատասխանեին վերջիններիս հարցերին։ Կարելի էր այդ ամենը ուղիղ եթերով ցուցադրել՝ մրցույթի թափանցիկությունն ապահովելու համար։ Մի խոսքով, կարելի էր այս մրցույթը վերածել ուսուցողական, մասնագիտական հետաքրքիր նախաձեռնության, որը հանրության ուշադրությունը կբևեռեր կրթության հարցերի շուրջ։ Մրցույթը ապակենտրոնացնելու համար կարելի էր նաև եզրափակիչն անցկացնել այն մարզում, որի ներկայացուցիչը հաղթել էր նախորդ տարի։ Ընդ որում, կարելի էր մրցույթից հետո շարունակել քայլերը։ Օրինակ՝ կարելի էր տարվա լավագույն մանկավարժներին առաջարկել այցելել երկրի տարբեր քաղաքներ ու գյուղեր և սեմինարներ անցկացնել մանկավարժների համար։ Կարելի էր հաղթող մանկավարժներին 1 տարով նշանակել նախարարի հասարակական կարգով խորհրդական, ինչը հնարավորություն կտար կամուրջ ստեղծել նախարարության և ուսուցիչների միջև։

Բայց ինչքան հասկացա՝ որոշվել է դադարեցնել այս մրցույթի անցկացումը։ Բարելավելու փոխարեն՝ ընտրում ենք փակելու տարբերակը։ Միայն Երևանում անցկացվեց լավագույն ուսուցչի և տնօրենի պարգևատրության արարողություն։ Ընդ որում, այստեղ էլ ոչ քաղաքապետն էր մասնակցում, ոչ էլ փոխքաղաքապետերը։

Փոխարենը՝ նախարարությունը որոշեց պարգևատրել Հ1-ով հեռարձակվող «Ուսուցիչ» հաղորդաշարի հերոսներին։ Գովելի է, որ Հ1-ը շաբաթը մեկ օր լավագույն ժամերից մեկը տրամադրում է կրթության թեմային։ Շատ ուրախալի է, որ հաղորդման հերոս են դառնում նաև հեռավոր գյուղերում, շենքային վատ պայմաններում աշխատող ուսուցիչները։ Բայց հասկանալի չէ, թե ինչպես են ընտրվում հաղորդման հերոսները։ Հերոսների ընտրության հարցը ամենևին խնդիր չէր լինի, եթե նրանք չպարգևատրվեին նախարարության կողմից։ Ի վերջո, հեռուստատեսությունն ազատ է ընտրելու իր հաղորդումների հերոսներին։ Բայց եթե նրանք պարգևատրվում են կառավարության կողմից, ապա ընտրության չափանիշերը պետք է լինեն բաց, թափանցիկ ու հասկանալի։ Սա տարիներ շարունակ եղել է խնդիր։

Ճիշտ կլինի, որպեսզի մենք լավագույն մանկավարժների արժանիքները մի փոքր ավելի կոնկրետացնենք։ Օրինակ՝ կարելի է ասել, որ մենք այս մարդուն պարգևատրում ենք, որովհետև նա գրել է ուսումնական ձեռնարկ։ Պարգևատրում ենք, որովհետև ուսուցիչների վերապատրաստում է անցկացրել, որի մասնակիցները շատ գոհ են եղել։ Չափանիշ կարող է լինել այն, որ ուսուցիչը հրապարակել է իր նորարարության մասին հոդված կամ օնլայն նյութ, որն արժանացել է ուշադրության։

Մի խոսքով, կան բազմաթիվ հստակ գործիքներ, որոնցով կարելի է ընտրել հաղորդման հերոսներին և մրցանակակիրներին։ Այսօրվա հաղորդումը դեռևս քարոզում է ուսուցչի ընդհանրական, եթերային, իդեալական կերպար, որը ժամանակակից երեխայի և չափահաս հեռուստադիտողի համար ընկալելի չէ։ Երբ գրեթե բոլոր հաղորդումների մեջ ասվում է, որ մեր ուսուցիչը շատ բարի է, մարդասեր է, մեզ հետ ընկերություն է անում, նվիրյալ է, ապա դա համոզիչ չէ։ Մենք պետք է կրթության թեմաներին նայենք ավելի պրոֆեսիոնալ տեսանկյունից և ներկայացնենք ուսուցիչների կոնկրետ ձեռքբերումները, որ մարդիկ հաղորդումից վերցնելու բան ունենան։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ տարվա լավագույն մանկավարժների մրցույթը դադարեցնելը ճիշտ չէ։ Պետք է այդ մրցույթի անցկացման կարգը բարելավել, և այն դարձնել տոնականի ու մասնագիտականի համադրում։ Հայաստանի ուսուցիչներն այսօր հետաքրքիր նախաձեռնությունների, կոնֆերանսների, քննարկումների կարոտ են։ Պետք է կտրուկ ավելացնել մասնագիտական հարթակների թիվը, որպեսզի ուսուցիչների դժվար ու ցածր վարձատրվող աշխատանքը փոխհատուցվի լրացուցիչ հնարավորություններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս