
Այգեպատում առևանգված մեքենան հայտնաբերվել է Գյումրիում

Հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Այգեպատ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ օրը ցերեկով իրենց տան մոտից առևանգել են «ՎԱԶ- 2106» մակնիշի իր մեքենան:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին, որոնց միացան նաև ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզերը, և համատեղ աշխատանքը հաջորդ օրն իսկ դրական արդյունք տվեց:
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մեքենան հնարավոր է առևանգած լինի Գյուրիի Մոցարտի փողոցի 18-ամյա մի բնակիչ: Նույն օրը նա բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին: Ավելի ուշ ոստիկանները պարզեցին նաև, որ կասկածվողը Տաճատ Ճարտարապետի փողոցում բնակվող 19-ամյա ընկերոջ հետ է մեքենան առևանգել, որը հոկտեմբերի 5-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից գողություններ կատարելու մեղադրանքով արդեն հետախուզվում էր:
Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվեցին: Դեպքից երկու օր անց` հոկտեմբերի 7-ին ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա Գյումրիի Խորենացու փողոցի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:
«ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան հայտնաբերվել է:
Մեքենան առևանգած երիտասարդները կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է: