«Ցանկանում են ԱԱԾ-ն կազմաքանդել, իսկ ի՞նչ են անելու ռուսական 102–րդ ռազմաբազայի հետ. ո՞վ է պահելու հայ-թուրքական սահմանը». ռազմական մեկնաբան

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդման և ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ իրենց կուսակցության պլանը, որը, ըստ Ավետիսյանի, բաղկացած է երկու փուլից։

Առաջին փուլում «Սասնա ծռերն» առաջարկում են ԱԱԾ բոլոր գեներալներին և գնդապետներին հեռացնել այդ համակարգից, իրականացնել կառուցվածքային փոփոխություն, և, ի թիվս մի շարք այլ քայլերի, ԱԱԾ-ի վերահսկողության տակից վերցնել սահմանապահ զորքերը վերահսկելու գործառույթն ու այն վերապահել Պաշտպանության նախարարությանը։

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի խոսքով՝ սահմանապահ զորքերն ԱԱԾ-ի վերահսկողության ներքո լինելով՝ այդ կառույցին տալիս է հնարավորություն վերահսկել մեր երկիր մուտք գործողներին և երկրից գնացողներին, իսկ դա անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է։

«Իսկ Պաշտպանության նախարարությունը չունի վերահսկողության այդ մեխանիզմներն ու օպերատիվ այն անհրաժեշտ համակարգը, որը կարողանա իրականացնել նաև վերլուծություն։ Սահմանապահ աշխատանքը ենթադրում է որոշակի համակարգերի ներդրման անհրաժեշտություն, որը Պաշտպանության նախարարության գործառույթը չէ։ Սահմանապահի գործը ՊՆ-ի լիազորություններից դուրս է, այնպես որ, կարծում եմ՝ «Սասնա ծռերի» կողմից այդ թեզը առաջ է քաշվում միայն քաղաքական համատեքստում և նպատակ ունի թուլացնել ԱԱԾ-ն, որն այդ կուսակցությունն ընկալում է՝ որպես ռուսական ազդեցության տիրույթ։ Պետք է նշեմ, որ ԱԱԾ-ն վերջին 30 տարիների ընթացքում ենթարկվել է շատ մեծ փոփոխությունների, և ներկայիս ԱԱԾ-ն տարբերվում է սովետական հատուկ ծառայություններից»,- ասաց Հարությունովը։

Վերջինիս խոսքով՝ սահմանապահ զորքերը ԱԱԾ-ի ենթակայությունից հանելը շատ ավելի մեծ քաղաքական ծրագրի մաս է կազմում, բայց անհասկանալի, եթե «Սասնա ծռերի» համար խնդիրն այն է, որ այդ կառույցը գտնվում է ռուսական ազդեցության ներքո, այդ դեպքում ինչո՞ւ այդ նույն կուսակցության կողմից անդրադարձ չի արվում այն ռուսական տնտեսական լծակներին, որոնք կան Հայաստանում։

«Ռուսական գործոնի ներկայություն կա նաև հայ-թուրքական սահմանին, որը պահում է 102 ռազմաբազան։ Հիմա, եթե առաջարկում են ազատվել ռուսական գործոնից՝ կազմաքանդել ԱԱԾ-ն, հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս ենք վարվելու հայ-թուրքական սահմանը պահող մեկ այլ ռուսական գործոնի՝ 102 ռազմաբազայի հետ, ո՞վ է իրականացնելու հայ-թուրքական սահմանը պահելու այդ գործառույթը»,- մտահոգություն հայտնեց Հարությունովը։

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության՝ ԱԱԾ բոլոր գեներալներին և գնդապետներին համակարգից հեռացնելու առաջարկին՝ Հարությունովը հարց հնչեցրեց՝ իսկ որտեղի՞ց են գտնելու այդ գեներալների ու գնդապետների գործն անող մասնագետներ։

«Որտեղի՞ց ենք այդ մարդկանց գտնելու, որ գան և այդ ֆունկցիաները կատարեն, այժմ նրանք («Սասնա ծռեր» կուսակությունը,- Ա.Ս.) այդ լուծման տարբերակը չեն ներկայացնում»,- ասաց նա։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս