«Քննություն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելիս առանց որևէ հիմքի չի կարող այն արհեստականորեն երկու գործ սարքել». Արսեն Սարդարյան
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպանի բողոքը, որն առնչվում էր Սանասարյանի և ՊՎԾ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործից մաս անջատելու որոշմանը։ Այս մասին news.am-ին տեղեկացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ պաշտպանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Մերժումն արդեն ստացել է նաև Դ. Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը, ով 168.am–ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են առանձին բողոքարկել այդ որոշումը.
«Մենք կարծում ենք, որ քննություն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելիս առանց որևէ հիմքի չի կարող այն առանձնացնել, արհեստականորեն երկու գործ սարքել և մեկ գործը պահել իր մոտ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա այդ ենթադրյալ արարքների վերաբերյալ կրկնակի քննություն իրականացնել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել, որից իրենք տեղյակ չեն։ Սանասարյանի պնդմամբ՝ իր նկատմամբ կրկնակի հետապնդում է իրականացվում։
Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Քննիչի կողմից որոշում էր կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։
Համաձայն դատարան ուղարկված մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Զարուհի Դիլանյան