«Արա Վարդանյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար». Փաստաբան
Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Նրան կալանավորելուց հետո փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հանդես եկան հայտարարությամբ։
168.am-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ գրավը կարող է փոխարինվել կալանքով միայն այն դեպքում, եթե խափանման միջոցի պայմաններն անձը խախտել է։
«Արա Վարդանյանը խափանման միջոցի պայմանները, բնականաբար, չէր խախտել։ Այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրան՝ հիմքեր չունեն, և դատարանում էլ քննիչը չկարողացավ հիմնավորել, որ Արա Վարդանյանն առնչություն ունի այն հանցագործության կատարման հետ, որը նրան մեղսագրվում էր։ Այդուհանդերձ դատարանը շատ տարօրինակ կերպով որոշում կայացրեց և որպես խափանման միջոց Արա Վարդանյանի նկատմամբ ընտրեց կալանավորումը»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ դատարանն իր որոշումն ընդունելիս նույնիսկ հաշվի չի առել Արա Վարդանյանի առողջական խնդիրները, և, ըստ փաստաբանի՝ վերջինս նման խնդիրներով չի կարող գտնվել կալանքի տակ։
Ուստի այս ամենն ամբողջացնելով՝ փաստաբանները եկել են այն եզրակացության, որ սա սովորական քրեական գործ չէ։
«Արա Վարդանյանը հետապնդվում է իր քաղաքական-հասարակական հայացքների համար, այստեղ միտում ենք տեսնում, նկատի ունենալով հիմնադրամի շուրջ ծավալվող վերջին զարգացումները, ամեն ինչ անում են, որպեսզի Հիմնադրամի համբավի հետ կապված խնդիրներ առաջանան։ Դրամահավաքից առաջ նման ապօրինության գնալն ուղղակի պատկերացնելու չէ»,- շեշտեց փաստաբանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արա Վարդանյանը կալանավորվել է քաղաքական հայացքների համար, քանի որ ի սկզբանե նրա նկատմամբ տեղի են ունեցել ապօրինություններ, և այսօրվա գործընթացներն էլ պայմանավորված են նրա սուր քննադատություններով։
Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը ձերբակալվել էր նախորդ տարի հուլիսին՝ Հիմնադրամում չարաշահումներ և յուրացումներ թույլ տալու համար։ Սակայն նրա խափանման միջոցը փոխարինվեց գրավով, և 1,3 տարի նա գտնվում էր ազատության մեջ։ Իսկ երեկ կրկին ձերբակալելուց հետո նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և կրկին մեղադրանք է առաջադրվել։
Զվարթ Խաչատրյան