«Նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն». Դոնալդ Տուսկ
ԵԽ-ն մտահոգված է, որ Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր անդրադարձել է նաև երեկ Եվրամիության հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնչեցրած սպառնալիքին։ Էրդողանը Եվրամիությանը սթափվելու կոչ էր արել ու զգուշացրել, եթե Բրյուսելը Սիրիայում իրենց ռազմական գործողությունները ներխուժում որակի, ապա Թուրքիան կբացի սահմանները և երկրում ապաստանած 3,6 միլիոն փախստականներին կուղարկի Եվրոպա։
«Մենք երբեք չենք ընդունի, որ զինեն փախստականներին և որպես շանտաժի գործիք օգտագործեն մեր դեմ։ Նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն»,- գրել է Դոնալդ Տուսկը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սկսելու մասին հայտնեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան զորքը դուրս բերեց այդ տարածքից։ Հոկտեմբերի 9-ին մեկնարկած գործողության հետևանքով մահացել է մոտ 300 քուրդ։ Մահացածների շարքում կան նաև քաղաքացիական անձինք։ Պաշտոնական Անկարան սա հաղթանակ է համարում։
Turkey must understand that our main concern is that their actions may lead to another humanitarian catastrophe. And we will never accept that refugees are weaponised and used to blackmail us. President Erdogan’s threats of yesterday are totally out of place.
— Donald Tusk (@eucopresident) October 11, 2019