«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ». Շերը հիշեցրել է 1915թ. ցեղասպանությունը
Հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) ևս իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Իր թվիթերյան միկրոբլոգում այդ մասին բազմաթիվ գրառումներ անելուց հետո, Շերը իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած Ցեղասպանության մասին, որի հետևանքով սպանվեց մոտ 2 միլիոն հայ։
«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, ես լսել եմ «արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայերի»։ Ես դա նաև լսել եմ Հայաստանում։ Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ»,- գրել է Շերը։
Երգչուհին սրանում տեսնում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը։ Ըստ նրա՝ նա ևս աջակցում է թուրքերին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սկսելու մասին հայտնեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան զորքը դուրս բերեց այդ տարածքից։ Հոկտեմբերի 9-ին մեկնարկած գործողության հետևանքով մահացել է մոտ 300 քուրդ։ Մահացածների շարքում կան նաև քաղաքացիական անձինք։ Պաշտոնական Անկարան սա հաղթանակ է համարում։