«Ես կորցրել եմ իմ բոլոր ընկերներին. ես ցանկանում եմ, որ ինչ-որ մեկն ինձ Դոնալդ կոչի». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին կատակով գանգատվել է, որ ամերիկյան վարչակազմը գլխավորելուց հետո զրկվել է բոլոր ընկերներից։ Մինեսոտայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ՝ ԱՄՆ-ի ղեկավարը պատմել է, թե ինչպես է վերջերս խոսել իր ընկերոջ հետ:
Զրույցի թեման, ի թիվս այլ բաների, եղել է Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ: Նա ասաց. «Նախագահ»: Ես պատասխանեցի. «Ինձ Դոնալդ կոչիր, դու ինձ Դոնալդ էիր կոչում 35 տարի»: «…» Ես կորցրել եմ իմ բոլոր ընկերներին, որովհետեւ նրանք վախենում են ինձ հետ խոսել, ես նախագահ եմ, այժմ նրանք չեն կարողանում ինձ հետ խոսել»,-ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ խնդիրն այն հարգանքն է, որը մարդիկ տածում են պետության ղեկավարի պաշտոնի նկատմամբ: «Ես ցանկանում եմ, որ ինչ-որ մեկն ինձ Դոնալդ կոչի»,-ամփոփել է Թրամփը:
Դրան ի պատասխան՝ հավաքված բազմությունն սկսել է վանկարկել նրա անունը: Թրամփն իր ելույթի մեծ մասը նվիրել է դեմոկրատների հասցեին քննադատությանը, որոնք նրա նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգ են սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: