«ԱԱԾ-ն վանեցյանաբուծարան է». Վարուժան Ավետիսան
«Ուզում եմ միտքս սկսել օրեր առաջ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությամբ, որ, եթե 30 տարի առաջ մենք ականատես եղանք Խորհրդային Միության փլուզմանը, ապա հիմա մենք ականատես ենք լինում Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն մնացած ԿԳԲ-ի կազմաքանդմանը և մասնատմանը: Այս ամենը մեզ հնարավորություն է տալու ստեղծելու իսկապես ինքնիշխան պետություն»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կազմաքանդմանը և անվտանգության ազգային համակարգի ստեղծմանը:
Ըստ նրա՝ ՀՀ Ազգային անվտանգության համակարգը յուրօրինակ է, քանի որ ամբողջությամբ սահմանափակվում է ԱԱԾ կոչվող կառույցով: Ավելին՝ այլ ոլորտներում էլ կան անվտանգություններ, սակայն դրանց առկայությունը «հաշիվ» չէ, քանի որ բոլորը ենթարկվում են ԱԱԾ-ին:
«ԱԱԾ-ն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում, մեր պետության շահերի հաշվին սպասարկել Մոսկվայի շահերը: Մեր դիրքորոշումը բխում է երկրի շահերից և բոլորովին նպատակ չունի մերկապարանոց ձևով հանդես գալու այլ պետության, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ: Դեմ ենք, որպեսզի օտար պետությունը, ինչպիսին էլ այն լինի, մեր երկրում տեր ու տնօրինություն անի: Ի վերջո, մենք պետք է ստեղծեն ինքնիշխան ու անկախ պետություն, այսօր մենք դա չունենք»,- շեշտեց Վ. Ավետիսյանը:
Նրա պնդմամբ՝ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ինքիշխանության բացակայության պատճառը եղել է հենց ԱԱԾ-ի հակաօրինական գործունեությունը:
Ըստ նրա՝ այսօր արդեն իրավիճակը փոխվել է, քանի որ կա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, ուստի անհրաժեշտ է կազմաքանդել ԱԱԾ-ն և դրա փոխարեն՝ ստեղծել անվտանգության ազգային մարմինների համակարգ:
«Երկար ժամանակ ասում էինք, որ դավադրություն է պատրաստվում, ռևանշի են գնում, բայց դա անուշադրության էր մատվում, բայց տեղի ունեցան իրադարձություններ, որոնք դա ապացուցեցին, նկատի ունեմ Արթուր Վանեցյանի անձով երևակված դավադրական պլանը, անշուշտ, միայն Վանեցյանը չէր դրա մեջ, և Վիտալի Բալասանյանների ներկայացուցիչների գրոհային գործողությունները մեր պետության դեմ՝ Արցախի կեղծ անկախության իրենց մոտեցումներով և այլն: Պատկերավոր ասած՝ ԱԱԾ-ն վանեցյանաբուծարան է»,- ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:
Զվարթ Խաչատրյան