Բաժիններ՝

«Ինչո՞ւ պետք է հայը կրկնակի վճարի ադրբեջանցուն, ցածր որակի ապրանք ստանա». Ավտոներկրողները դիմել են վարչապետին

Ավտոներկրողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  նշելով, որ ճապոնական ավտոմեքենաների բազմաթիվ կուտակումներ են Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև։

Այդ կուտակումների պատճառը ՀՀ-ում ավտոմեքենաների մեծ պահանջարկն է, քանի որ 2020թ. հունվարի մեկից ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների հոսքը, կարելի է ասել, կդադարի մաքսատուրքի թանկացման և ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում ՀՀ արտոնության ավարտով պայմանավորված։

Ստեղծված իրավիճակի պատճառով հայ ավտոներկրողները Վրաստանի Հանրապետությունում հայտնվել են անօգնական վիճակում. մի կողմից՝ մոտենում է 2020թ. հունվարի մեկը, մյուս կողմից՝ Վրաստանի Հանրապետության արհեստավորները, որոնց մեծ մասն ազգությամբ ադրբեջանցիներ են, չեն հասցնում վերասարքավորել այդ մեծ քանակությամբ ավտոմեքենաները։

«Ժամանակի խնդիր ունենք, չենք հասցնում վերասարքավորել: Բաց նամակով դիմել ենք վարչապետին, որպեզի թույլ տան մեքենաները վերասարքավորել Հայաստանում: Փոթիում արդեն մեքենաների մեծ բուրգեր են: Հնարավոր է՝ այդ հերթերի պատճառով մենք այդ մեքենաները մինչև հունվարի մեկը չկարողանանք ներմուծել Հայաստան: Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանը մենաշնորհ է շնորհել Վրաստանի Հանրապետությանը, որպեսզի միայն այնտեղ վերասարքավորեն ճապոնական աջ ղեկով մեքենաները։ Իսկ ինչո՞ւ չի կարելի վերասարքավորել այդ ավտոմեքենաները հենց ՀՀ-ում:

Այստեղ վերասարքավորելով՝  հայ ավտոներկրողների համար ևս մեկ կարևոր խնդիր կլուծվի. տեղի արհեստավորների համար կստեղծվի նոր աշխատատեղեր, վերասարքավորման համար նախատեսված գումարները կշրջանառվեն ՀՀ-ում, այս ամենից կուտակված հարկերը կվճարվեն ՀՀ բյուջե, և, որ պակաս կարևոր չէ, մեր գումարներով չենք վարձատրի ադրբեջանցի մասնագետներին: Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1400-1500 դոլար, գումարած այն պահեստամասերը, որոնք օգտագործում են այդ մեքենայի համար:

ՀՀ քաղաքացին անօգնական վիճակում է, այս արհեստանոցից մյուսն է վազում: Ինչո՞ւ պետք է հայը կրկնակի վճարի ադրբեջանցուն, ցածր որակի ապրանք ստանա, խնդրի, որ իրեն չխաբեն»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ավոտներկրողները:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս