«Մենք հոշոտում ենք միմյանց և դա անում ենք անխնա». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր օրերի քաղաքական քրոնիկոնը նման է մտքի և ենթագիտակցության միջև ընթացող պայքարի: Մտածող, կրթված, երկրի պատմությունն իմացող և դրանից դասեր քաղած, խնդիրները շերտերով տեսնող և պատեհապաշտությունն անգրագիտությամբ շաղախած անսկզբունք և անարժեք երևույթները մերժող, ընկալումը դարձել է փոքրամասնություն:

Գիտեք ինչո՞ւ, որովհետև միջին վիճակագրական անբարեկիրթ անգրագետն իրեն իրավունք է վերապահում մեզ ապացուցել, որ ինքն ավելի շատ բան է «ջոկում», քան մենք ենք առհասարակ գիտակցում:

Մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ հայ հանրությունը ծայրաստիճան երկփեղկված է: Սա պետք է ընդունել և հասկանալ ոչ միայն ռիսկայնության և վտանգների տեսանկյունից, այլ նաև մեր հասարակության մեջ ոչ նորմալ երևույթների նորմավորման և օրինաչափ դառնալու վտանգավորության տեսանկյունից: Եթե պատկերավոր ասեմ, ապա մենք հոշոտում ենք միմյանց և դա անում ենք անխնա:

Մեր մեջ մեռնում է բարությունը, առաքինությունը, ներողամտությունը, վեհանձնությունը, բարեկրթությունը և դրանց գալիս է փոխարինելու հիշաչարությունը, մեղսագրումը, մաղձը, ամբարտավանությունը, անգրագիտությունը: Այս ամենն ամբողջությամբ խրախուսվում է քաղաքական իշխանության շահերով և նրանց կողմից որդեգրած պոպուլիզմով:

Երբ շատերը խոսում են պոպուլիզմից և նշում, որ սա համաշխարհային քաղաքական միտում է և վտանգավորությունը չափազանցված է , ապա պետք է հիշեն, որ Հայաստանը ո՛չ ԱՄՆ է, ո՛չ Իտալիա, ո՛չ Հունգարիա, և ո՛չ էլ արևմտյան որևէ այլ կայացած ժողովրդավարություն: Այնտեղ քաղաքական համակարգն աշխատում է «շվեյցարական ժամացույցի ճշտությամբ» և ներքին պետական ինստիտուտների ինքնակառավարման հզորագույն դիմադրողականությամբ: Ինչն ավելի է ամրապնդվում անկախ և անաչառ ԶԼՄ-ների և ազգային քաղաքացիական հասարակության մասնակցությամբ:
Հավատացեք, որ մենք բացարձակապես չունենք այդ որակի պետական և այլ ինստիտուտներ և նման ճոխություններ դեռ մեզ երկար ժամանակ թույլ տալ չենք կարողանալու:

Իրականում Ձեզ կթվա թե ամեն ինչ նորմալ է. կյանքն իր բնականոն հունի մեջ է և առերևույթ, հասարակության կենսագործնեությունը շարունակվում է: Դա Ձեզ միայն թվում է: Մեր հասարակությունն այսպիսի արժեհամակարգային ձևափոխման վտանգավոր կատակլիզմի առաջ երբևէ կանգնած չի եղել: Այն հասարակաքաղաքական անորակ մուտացիան, որը մեզ է սպառնում նույնիսկ գոյաբանական մակարդակով դեռ շատերի կողմից ընկալելի չէ:

Պատմությունն ապացուցել է, որ յուրաքանչյուր հասարակաքաղաքական փոփոխության «հեղափոխության» առաջին երկու արագ զոհերը դառնում են մշակույթը և արժեհամակարգը:

Բացե՛ք Ձեր աչքերը.

1. Երբ Քիմ Քարդաշյանի կոնքն ավելի երկար և շատ է քննարկվում, քան Կոմիտասի 150-ամյակը, սա մտահոգիչ է:

2. Երբ Թանկյանի «կավատա-սուրճը» ներկայացվում է որպես տնտեսական հեղափոխության արգասիք. մենք ծափահարում և պարծենում ենք` անկեղծ ինչո»վ՝ չեմ հասկանում:

Այս մարդիկ սպասելի ընկալելի և հոգեհարազատ են , որովհետև PR-վելու մեծ վարպետներ են, ինչպես և մեր հայրենի իշխանությունները:

3. Երբ շարքային անորակ դեմագոգների մտքով առհասարակ կարող է անցնել քննադատել և պախարակել Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանի, Արցախի հերոս,Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած մարտական գեներալին և նրան հայհոյախառը որակումներ տալ, ապա քչերի մտքով է անցնում ասել. «Լեզու՛դ համապատասպանեցրու ուղեղիդ պարունակությանը, դու խոսում ես «վաստակ» ունեցող մարդու մասին, նույնիսկ ,եթե դու նրա մտքերի հետ համաձայն չես և ունես վերապահումներ»:

4. Երբ ձեռագիր երկտողա-բացիկությունը դառնում է իշխանական պրոպագանդայի միակ գործիք, ուրիշ բան չի մնում ասելու քան. «Վայելե՛ք այս ամենը , բայց պարտադիր բաց աչքերով և ականջներով, հետո չասեք, թե ոչ տեսել էինք, ոչ լսել»: Սրանք քրոնիկոնի թարմ օրինակներն էին և դեռ թեթև օրինակներ:

Գոնե ես և ինձ նման հազարավոր հայ մարդիկ հիշաչար չենք, բայց հիշել գիտենք»:

Մեր օրերի քաղաքական քրոնիկոնը նման է մտքի և ենթագիտակցության միջև ընթացող պայքարի: Մտածող, կրթված, երկրի պատմությունն…

Gepostet von Vladimir Martirosyan am Donnerstag, 10. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս