Բաժիններ՝

«Մեր զոհվածի տեղեկանքները տալու ենք Կառավարությանը և հետ պահանջենք  մեր որդիներին, եթե մեր հարցին դրական լուծում չտան». Մարգարիտա Խաչատրյան

Այսօր սևազգեստ մայրերը կրկին Կառավարության շենքի առջև էին: «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը հիշեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց նախորդ ակցիայի ժամանակ սևազգեստ մայրերին հանդիպում էր խոստացել, որը, սակայն, տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ «Զինվոր» հ/կ անդամները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններից հետո, թե երկիրը գումարի խնդիր չունի, և, որ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ միանվագ փոխհատուցում է տրվելու, եկել էին Կառավարությունից պահանջելու, որ իրենց ևս ուշադրություն դարձնեն:

«Մենք 5 դիմում ենք ներկայացրել Կառավարությանը, գրել ենք՝

«Մեծարգո վարչապետ ակնկալում ենք ընդունելություն, մեր հարցին դրական լուծում տվեք, քանի որ 5646 ընտանիք ոչ մի անգամ ոչնչից չի օգտվել: Եթե մարզերում են ապրում՝ դա չի նշանակում, որ ծնողներին իրենց երեխաների դին տալով՝ կարող են անտեսել նրանց, մի թղթի կտոր են տալիս՝ զոհվածի տեղեկանք, որը ոչ մի արժեք չունի: Մեր զոհվածի տեղեկանքները տալու ենք Կառավարությանը և հետ պահանջենք մեր որդիներին, եթե մեր հարցին դրական լուծում չտան: Իմ հասցեին վարկաբեկիչ բաներ են գրում, թե ես թուրքի կին եմ, հայտարարում եմ, ես ապարանցի եմ, ապարանցու կին եմ, ունեի մինուճար որդի, ամուսինս մահացած է, որդիս ևս, եթե իրենք ուզում են իրենց պատվերները կատարեն ու ինձ վարկաբեկեն, ապա ասեմ՝ ես վարկաբեկվելուց չեմ վախենում, ինձ համար ամենամեծ ցավը իմ որդուն կորցնելն էր: Ով էլ լիներ վարչապետ՝ մենք այս խնդիրը բարձրացնելու էինք, եթե փողոցային կռվում զոհվածների խնդիրը կարողանում են լուծել, ապա ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ սևազգեստ մայրերը փողոց դուրս գան»:

Նախորդ անգամ սևազգեստ մայրերը Կառավարության առջև էին հավաքվել սեպտեմբերի 19-ին: Նրանց ընդառաջ իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետն ասաց՝ տիկին Մարգարիտա, դու ինչո՞ւ ես այստեղ, ասացի՝ սևազգեստ մայրերին ընդունեք, ասաց՝ ժամանակս շատ սուղ է, գնում եմ արտերկիր, վերադառնալուն պես Ձեզ կզանգահարենք: Անցնում է ժամանակ, ես զանգում եմ մամուլի խոսնակին, ասում է՝ տիկին Մարգարիտա ջան, մենք քեզ հետ կզանգենք: Այդ զանգը մինչև օրս չի եղել: Գիտե՞ք՝ ամենավատը որն է, որ ծնողները մտածում են, թե ես իմ խնդիրները լուծել եմ ու այլևս չեմ պայքարում, իմ բալեք, իմ ծնողներ, իմ հաշմանդամություն ունեցող զինծառայողներ, տիկին Մարգարիտան երբեք ձեզ չի շրջանցի, գումարի չի գնա, մինչև վերջ պայքարելու եմ, որ ձեր ստատուսը հաստատվի»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Ակցիայի մասնակից՝ «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը  Կառավարության նիստի շտապող ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց.

«Դուք ի՞նչ եք կարծում, մեր պահանջը Կառավարությունից արդարացի՞ է , թե՞ ոչ»:

Արման Թաթոյանն ասաց, որ պահանջին ծանոթ չէ:

«Հիմա Ձեզ մոտ կա՞ այն դիմումը, որ ուղարկել եք Կառավարություն: Եթե չկա, այն ուղարկեք նաև մեր աշխատակազմ, տեսնենք՝ ի՞նչ հարցով եք դիմել»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Սաթիկ Խլղաթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են ընդամենը 30.000 դրամ թոշակ.

«Մենք դիմել ենք Կառավարություն, որ հաշվի նստեն նաև զոհված զինառայողների ընտանիքների հետ: Ես ասեմ, որ զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են 30.000 թոշակ, եթե ողջ են և՛ ծնողները, և՛ կինը, թոշակը բաժանվում է երկու մասի, և այդ գումարով, մեր Կառավարությունն ասում է՝ պետք է ապրեք, եթե նախորդ իշխանությունների օրոք ապրել եք, ապա հիմա էլ պետք է ապրեք: Սպասելու ենք, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա, մեր դիմումն արդեն մեկ ամիս անպատասխան է մնացել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը Մարգարիտա Խաչատրյանին կանչեց Կառավարության դռների մոտ և խոստացավ, որ սևազգեստ մայրերին վարչապետը կհանդիպի երեքշաբթի օրը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս