Բաժիններ՝

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Ադրբեջանին կոչ է արել բացել Դավիթ Գարեջին հավատացյալների համար

Հոկտեմբերի 9-ին կայացավ Վրաստանի նոր  վարչապետի՝ Գեորգի Գախարիի առաջին օտարերկրյա այցը։ Այցի համար ընտրվել էր Ադրբեջանը, որտեղ և Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու քաղաքական ղեկավարներ միջև բարեկամական հանդիպումը մթագնեց Վրաստանի հոգևոր առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեին ուղղված կոշտ հայտարարությամբ։

Իլյա Երկրորդը իր նամակում բարձրաձայնել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը: Վանական համալիրի մի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում և արդեն 3 ամիս է ինչ ադրբեջանցի սահմանապահները չեն թույլատրում ո՛չ վրաց հոգևորականներին, ո՛չ էլ ուխտավորներին  այցելել Ուդաբնո և Չիչխիտուրի վանքեր։ Իր նամակում Իլյա Երկրորդը հայտարարել է, որ համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի ունեցած  հավակնությունները բոլորովին անհասկանալի են։ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի պնդմամբ՝ վրացական և ադրբեջանական կողմերը կնքել են համատեղ պայմանագիր, ըստ որի՝ պետական սահմանագծի համար հիմք է հանդիսացել 1:500 000 մասշտաբի խորհրդային քարտեզով (К-38-Г) գծված սահմանագիծը: Համաձայն այդ քարտեզի՝ Ուդաբնո և Չիչխիտուրի եկեղեցիները ճանաչվել են Վրաստանի Հանրապետության տարածք, իսկ մեկ համալրիր Բերտուբանի վանքը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։

Նամակում նաև նշվում է, որ վրացական կողմը չի համակերպվի ստեղծված իրավիճակի հետ և կոչ է արվում ադրբեջանական կողմին անմիջապես վերականգնել մինչ օրս եղած ստատուս-քվոն և, բնականաբար, Ուդաբնո և Չիչխիտուրի վանքերը բացել  հոգևորականների, ուխտավորների և զբոսաշրջիկների այցելության համար։

Ադրբեջանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն դեռ չի պատասխանել նամակին։

Դավիթ Գարեջի վանական համալիրին մոտ գտնվող Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության նոր ուղեկալի գտնվելու վայրը (արբանյակային լուսանկարներն արվել են 2019թ. հունիս և սեպտեմբեր ամիսներին: Հունիսին այդ տարածքում դեռևս որևէ կառույց չկար):

Հիշեցնենք, որ վանական համալիրի շուրջ վեճերը չեն սահմանափակվում միայն տարածքային բաղադրիչով։ Ադրբեջանական կողմը 5-րդ դարում կառուցված վանական համալիրը համարում է «ալբանական կոթող»։ Վանական համալիրի շուրջ ստեղծված կրքերը չեն դադարել ամբողջ ամառվա ընթացքում, մինչև անգամ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում վրաց բնակիչներին հաջողվել էր զինաթափել ադրբեջանցի սահմանապահներին. զենքը ավելի ուշ վերադարձվել է ադրբեջանցի սահմանապահներին։ Հենց այս միջադեպից հետո այդ հատվածում Արդբեջանի պետական սահմանապահ ծառայության նոր ուղեկալ է հայտնվել, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի մասնակցությամբ։  Ուղեկալի առկայությունը չի վրիպել Վրաստանի հոգևոր առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ուշադրությունից։

Վլադ Վարդանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս