Բաժիններ՝

«Թուրքիան Սիրիայում իրականացնում է միակողմանի լայնամասշտաբ պատերազմ». Փորձագետ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները։ Այս մասին հաղորդել էր ՌԻԱ Նովոստին։

168.am-ի հետ զրույցում ռազմագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ այս պահին Թուրքիան Սիրիայում իրականացնում է միակողմանի լայնամասշտաբ պատերազմ։

«Չնայած այս ամենի անունը Թուրքիան դրել է «Խաղաղության աղբյուր» անունը, բայց ըստ էության լայնամասշտաբ, օդային հարձակումներով հրետակոծությամբ, հետևակի հարձակումներով, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը վայելող և Սիրիայում գործող ռազմական խմբավորումների աջակցությամբ իրականացնում է ռազմական գործողություններ Սիրիային սահմանակից տարածքներում»,- ասաց Կ. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Թուրքիան կրկին վերսկսել է հրետակոծությունը և օդային հարձակումները։ Եթե երեկ ողջ գիշերը հրետակոծվել է հայաբնակ Ղամիշլի քաղաքը, ապա այս պահին հրետակոծվում է մեկ այլ քաղաք, որը սահմանային Ռասալ ալ-ային քաղաքն է։ Այնտեղ ապրում են քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր և ասորիներ։

Հարցին՝ Ղամիշլիում տեղի ունեցած գործողությունների հետևանքով զոհեր եղե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, մինչև գիշերը հայերից որևէ զոհ չի եղել, սակայն դրանից հետո հայկական կողմի հետ կապն ընդատվել է և չի կարողացել կապ հաստատել հայերից որևէ մեկի հետ։

«Բոլոր միջազգային հեղինակավոր կառույցները և պետությունները բառացիորեն ասում են, որ այս ամենը Թուրքիայի կողմից ռազմական էսկալացիա է։ Այսինքն՝ չեն հաստատում Թուրքիայի տարբերակը՝ այն է անվտանգ գոտու ստեղծումը»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ այս պահին դեռևս պարզ չէ, թե գերտերություններից ում է ձեռնտու Սիրիայում  ռազմական գործողությունների վերսկսումը։

«Ի վերջո, այստեղ գլխավոր խաղացողը Միացյալ Նահանգներն է, որն իր զորքերի դուրս բերմամբ ըստ էության կանաչ լույս վառեց թուրքերին քրդերի վրա հարձակվելու համար։ Սակայն պետք է նկատենք, որ Պալատի ներկայացուցիչների մակարդակով հանրապետականները և դեմոկրատներն այս հարցում համակարծիք են և շատ մեծ ազդեցություն ունեն Թրամփի վրա, որպեսզի վերջինս իր որոշումը վերանայի և փորձի օգնել քրդերին։ Նրանք բառացիորեն ասում են, որ «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում միակ գործընկերը եղել են քրդերը, որոնց թողել են միայնակ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարության տարածած հայտարարությանը, Կարեն Հովհաննիսյանը նկատեց, որ ըստ էության ԱԳՆ-ի հայտարարությունն իրավական կողմի պաշտպանության վերաբերյալ է, ինչը համարում է ոչ համարժեք այն գործողություններին, որոնք տեղի են ունենում Սիրիայում։

«Կան փաստարկված ռազմական գործողություններ Ղամիշլիում, որոնք իրականացրել են «Մուհամեդի բանակ» կոչվող զինյալները, որոնք մտել են կրոնական սրբատեղիներ և դրանք վերածել ավելարեկների։ Մենք մյուս պետությունների նման ոչ թե միայն հայտարարություն պետք է տարածենք և գնանք մի կողմ, այլ պետք է շատ լուրջ մեսիջներ ուղարկենք թեկուզ միջազգային հանրությանը»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս