Բաժիններ՝

Էկվադորում գրեթե 450 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Էկվադորում գրեթե 450 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել է Comercio հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Մարիա Պաուլա Ռոմոյի հայտարարությունը:

Նախարարը հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ մի քանի օր առաջ սկսված ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ տուժել է 86 ոստիկան: Տուժածների մեծ մասը բաժին է ընկնում երկրի մայրաքաղաք Կիտոյում տեղի ունեցած անկարգություններին: Բացի այդ, եւս 360 մարդ դիմել է բուժօգնության: Նախարարը հավաստիացրել է, որ ոստիկանության հետ ընդհարումների հետեւանքով զոհվածներ չկան:

Նա հավելել է, որ հոկտեմբերի 8-ի երեկոյի տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 714 էր, ընդ որում՝ նրանցից ոմանք արդեն ազատ են արձակվել: Հոկտեմբերի սկզբին Էկվադորում սկսվել են կառավարության տնտեսական բարեփոխումներից դժգոհ քաղաքացիների ցույցեր: Էկվադորի նախագահը բողոքի ակցիաների կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել եւ կառավարության կենտրոնակայանը Կիտոյից տեղափոխել է երկրի արեւմուտքում գտնվող Գուայակիլ քաղաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս