Իրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհին ազատ է արձակվել
Իրանի իշխանությունների կողմից ավելի վաղ ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկն ազատ է արձակվել: Այդ մասին հաղորդվում է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության Twitter-օգտահաշվում:
«Ռուսաստանի ԱԳ նախարարության եւ Թեհրանում ՌԴ դեսպանության համատեղ ջանքերի արդյունքում իրանական կողմը որոշում ընդունեց ազատել Ռուսաստանի քաղաքացուհի Յուլյա Յուզիկին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ լրագրողուհին հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Իրանից մեկնել է Մոսկվա եւ արդեն գտնվում է Ռուսաստանում: Յուզիկի ձերբակալման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 4-ին: Երկիր մտնելիս նրանից վերցրել էին անձնագիրը: Ըստ որոշ տվյալների՝ նրան կասկածում էին Իսրայելի օգտին լրտեսության մեջ: Ավելի ուշ Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտնել է , որ լրագրողուհու ձերբակալումը կապված է այցագրային ռեժիմի խախտման հետ:



