Բաժիններ՝

Հայտարարվել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթինգհեմը եւ Ակիրա Յոշինոն քիմիայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակ են ստացել լիթիումաիոնային մարտկոցների մշակման համար:

«Այդ թեթեւ, վերալիցքավորվող եւ հզոր մարտկոցներն այժմ օգտագործվում են ամենուրեք, այդ թվում՝ շարժական հեռախոսներում ու նոութբուքերում, ինչպես նաեւ էլեկտրական ավտոմոբիլներում: Նրանք կարող են զգալի քանակությամբ էներգիա պահպանել վերականգնվող աղբյուրներից՝ արեւից ու քամուց»,-հայտարարել են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեում:

Նախօրյակին ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Ջեյմս Փիբլզին «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», Միշել Մայորին եւ Դիդիե Կելոյին՝ «արեւանման աստղի ուղեծրում էկզոմոլորակների հայտնաբերման համար»:

Հոկտեմբերի 7-ին բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը: Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում է Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում է Օսլոյում, նույնպես դեկտեմբերի 10-ին: Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել է «նոբելյան շաբաթը»:

Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 եւ 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս