
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու առթիվ։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ ձևավորված արդյունավետ համագործակցության, այդ թվում՝ լրագրողների համար Գերմանիայում կազմակերպված փորձի փոխանակման ծրագրի արդյունքների մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող իրազեկման աշխատանքներին։