«Չեմ կարծում, թե դա «Մարտի 1»-ի բացահայտման ճիշտ ճանապարհն է, ինձ լսելը որևիցե բան է տալու «Մարտի 1»-ի բացահայտմանը». Ալիկ Սարգսյան

«Մարտի 1»-ի գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը  համաձայն չէ ՀՔԾ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին 168.amի հետ զրույցում հայտնեց Ա. Սարգսյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Իրեն մեղավոր չի ճանաչում և համաձայն չէ մեղադրանքի հետ»,- ասաց նա:

Պաշտպանը ձեռնպահ մնաց մեկնաբանել գործի մասին մանրամասները. «Մենք չգիտենք՝ էնտեղ ով ինչ ցուցմունքներ է տվել, չենք կարող հիմա մեկնաբանել դեռևս»:

168.am-ը կապ հաստատեց նաև Ալիկ Սարգսյանի հետ, ով իրեն առաջադրված մեղադրանքի մասին ասաց. «Որևիցե մեկնաբանություն չունեմ, որովհետև առայժմ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»:

Ալիկ Սարգսյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը «Մարտի 1»-ի բացահայտման ճիշտ ճանապարհը չէ. «Չեմ կարծում, թե դա «Մարտի 1»-ի բացահայտման ճիշտ ճանապարհն է, ինձ լսելը որևիցե բան է տալու «Մարտի 1»-ի բացահայտմանը: Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, կկանչեն՝ կտեսնենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:

Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս